«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ թուրքի ասած՝ յոլա գնալ չենք կարող: Նախիջևանի խնամակալությունում Թուրքիան ռազմաբազա տեղադրելու իրավունք չունի. ըստ միջազգային պայմանագրի, եթե ցանկանա, դա պետք է անի միայն ու միայն Ռուսաստանի հետ համաձայնությամբ, քանի որ հենց Ռուսաստանն անօրինաբար Նախիջևանի տարածքը հանձնեց Ադրբեջանի խնամակալությանը: Հիմա մանիպուլյացիոն ձևով փաթաթել են Հայաստանի վզին այդ տարածքում բազա տեղակայելու թեզը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հարցին:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչ քայլերի պետք է դիմի Հայաստանն այս հարցում, Շիրինյանը պատասխանեց, որ ՀՀ ԱԳ նախարարությունը պետք է միջազգային հարթակներում նախ բարձրաձայնի այն հարցը, թե ինչո՞ւ հայկական Նախիջևանը հանձնեցին Ադրբեջանի խնամակալությանը և պարզել՝ քանի՞ տարով է առհասարակ Նախիջևանը տրվել խնամակալության. չէ՞ որ դա ժամանակավոր գործընթաց է:
Վերջինիս պնդմամբ՝ մյուս կողմից՝ մենք բոլոր միջոցներով պետք է կանխենք Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղադրումը, մենք պետք է հրթիռակոծենք անհրաժեշտության դեպքում: «Ինձ համար տարօրինակ է հայկական կողմի լռությունն, արդեն 15 օր է՝ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հարցը քննարկվում է, բայց մեր իշխանությունը լուռ է, մինչդեռ պետք է ամեն հնարավոր և անհնար տարբերակներով, դաշնակիցներով և ոչ միայն՝ պաշտպանի իր պետության անվտանգությունը՝ թույլ չտալով թյուրքական տարրի հզորացում»:
Լևոն Շիրինյանի փոխանցմամբ՝ այս պարագայում Ռուսաստանն ամեն ինչ կարող է անել, քանի որ նա է եղել խնամատարը. «Ռուսաստանը պետք է հրթիռակոծի, եթե Նախիևջևան թուրք մտնի, քանի որ այդ տեմպով շարունակելու դեպքում թուրքը շուտով կհասնի Դաղստան: Ռուսաստանին պետք է պարտավորեցնենք, որ իր պայմանավորվածությունները կատարի մեր հանդեպ: Մյուս կողմից՝ այդ ռազմաբազան վտանգի տակ է դնում հենց Երևանը, իսկ Հայաստանն ընդհանրապես կզրկվի Իրանի հետ հարաբերություն ունենալու հնարավորությունից»:
Աղավնի Սուքիասյան