Հայաստանում եվրոպական դրամաշնորհների աղմկոտ պատմությունը կարծես թե թափ է հավաքում: Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել դրամաշնորհային ծրագրերին առնչություն ունեցող գրեթե տասնյակ պաշտոնյաներ, կան ձերբակալվածներ:

Օրերս այդ կապակցությամբ հայտարարություն տարածեց Երեւանում ԵՄ պատվիրակությունը, հայտարարելով, որ ավելի վաղ դիմել են Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակ ու հայտնել Հայաստանում եվրոպական դրամաշնորհային ծրագրերի հնարավոր խախտումների մասին: Փաստացի, ԵՄ հայաստանյան գրասենյակը հայտարարեց, որ այս գործընթացը նախաձեռնել են հենց իրենք: Իրոք հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ԵՄ գրասենյակի հեղինակությունն անշուշտ սասանվեց մի պարագայում, երբ պատվիրակության անդամները բազմիցս հայտարարել են մեր երկրում կոռուպցիան ռիսկերի առկայության մասին:

Այժմ այդ ռիսկերը թակեցին հենց եվրոպացիների դուռը: Վերացարկվելով դավադրությունների տեսությունից, ըստ որոնց՝ առկա է երրորդ ձեռքի գործոնը, որը նպատակ է հետպանդել վարկաբեկելու այս կառույցը, կարող ենք փաստել, որ մեծամասամբ՝ ստեղծված իրավիճակում մեղավոր է հայաստանյան իրականությունը՝ որտեղ բոլորը հակված են կողմնակի եկամտի աղբյուր հայթայթելուն, անգամ եթե աշխատավայրն անչափ հարմարավետ է և բարձրակարգ: Վերահսկողական գործիքակազմի բացակայությունը պարարտ հող է ստեղծում, որպեսզի ամենաարդիական եվրոպական միջավայրն անգամ «հայաֆիկացվի»՝ դրանից բխող նման անցանկալի հետևանքներով:

Մյուս կողմից՝ չի կարելի ժխտել նաև ԵՄ հայաստանյան գրասենյանի բացթողումը: Հայաստանում ծախսված միլիոնները, բացի բյուրոկրատական մեխանիզմի ամրապնդումից, այլ դրական էֆեկտի չեն հանգեցրել: ԵՄ հայաստանյան գրասենյակը անկախ մեր իրականության դառը պատկերից՝ պարտավոր էր իր գործունեությունը կազմակերպել այնպես, որպեսզի նման զարգացումներն ի սկզբանե բացառվեին:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ