Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել էր Հաղթանակի զբոսայգի, որտեղ լրագրողների հեղ ունեցած ճեպազրույցում զերծ մնաց «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված վիճակը որևէ կերպ մեկնաբանելուց: Նախկին վարչապետը միայն հույս հայտնեց, որ բոլորն էլ մանդատ կստանան, կառավարությունը կձևավորվի, երկիրն էլ կզարգանա: Սա անշուշտ բարի ցանկություն է, սակայն Աբրահամյանի խոսքերի տողատակերը մի շարք ուշագրավ մեսիջներ են պարունակում:

Նախ, հարկ է նշել, որ Հովիկ Աբրահամյանը թեպետ պաշտոնանկության, բայց պահպանել է իր ազդեցությունը որոշակի շրջանակների վրա: Իշխանության ներսում նրա գլխավոր դերը, անշուշտ, Գագիկ Ծառուկյանի վրա ունեցած ազդեցությունն էր, որով նա կարողանում էր իշխանության ներսում իր դիրքերն ամրապնդել, մանեւրել այդ ազդեցության թուլացումով, կամ` հակառակը: Այսօր այդ ազդեցությունը Հովիկ Աբրահամյանը այլեւս կորցրել է, քանի որ այն իր ձեռքն է վերցրել Սերժ Սարգսյանը, ով հաշվենկատորեն այդպիսով փորձում է վնասազերծել նաեւ Հովիկ Աբրահամյանին:

Հրաժարականից հետո Աբրահամյանը երբեք չի թաքցրել քաղաքականություն վերադառնալու իր ցանկությունը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նախկին վարչապետը հենց «Ծառուկյան» դաշինքն է դիտարկում իբրև մեծ վերադարձի լավագույն տրամպլին: Հովիկ Աբրահամյանը Հաղթանակի զբոսայգի էր այցելել նորընծա պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ, և դա պատահականություն չես անվանի: Բոստանջյանը, ինչպես գիտենք, առանցքային դերակատարում ունի «Ծառուկյան» դաշինքում:

Այս քայլով, ինչպես նաև ակնարկով, որ բոլորը ի վերջո մանդատ կստանան՝ Հովիկ Աբրահամյանը հստակ մեսիջ է հղում առ այն, որ իր ազդեցությունը «Ծառուկյան» դաշինքում կայացվող որոշումների վրա շարունակում է զգալի լինել: Հովիկ Աբրահամյանի մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին խոսակցությունները ակտիվացան հատկապես «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների մանդատների շուրջ առաջացած սկանդալի ֆոնին:

Բնավ չի կարելի բացառել, որ նախկին վարչապետը իր ուրույն մասնակցությունն է ունեցել դաշինքի պառակտման հարցում, քանի որ Աբրահամյանն արդեն իսկ մտել է խաղի մեջ, իսկ այդ խաղում հաղթելու համար նրան լուրջ դիվիդենտներ են հարկավոր: Այժմ ամեն բան կախված է նրանից, արդյոք դաշինքի փաստացի ղեկավար Գագիկ Ծառուկյանը թույլ կտա Հովիկ Աբրահամյանին իրագործել սեփական քաղաքական ամբիցիաները և ծրագրերը: Այն որ Ծառուկյանն ունի Աբրահամյանի ազդեցությունը դաշինքում չեզոքացնելու ներուժ՝ կասկածից վեր է: Ինչով կավարտվի ազդեցության գոտիների համար տարվող այս պայքարը՝ ցույց կտա ժամանակը, սակայն փաստը մնում է փաստ, որ Հովիկ Աբրահամյանը կանգնած է լրջագույն դիլեմայի առաջ՝ մի կողմից չմոռացվելու, անընդհատ հիշվելու, այսպես ասած «գորշ կարդինալի» ամենահաս կերպարի գայկթակղությունն է, մյուս կողմից այդ ամենին պատանդ լինելը, վերադարձի «մեծ սպասման» խաբկանքին տրվելը: