Այսօր՝ մայիսի 11-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը: Վերջինս նշեց, որ այս համակարգում մի շարք բարեփոխումներ են նախաձեռնել, ինչի արդյունքում վերջին կես տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել:
«2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 653.8 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 46.1 միլիարդ դրամ կամ 7.6 տոկոս: 500.3 միլիարդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 153.5 միլիարդը՝ մաքսային մարմինների կողմից: Հարկային մասով աճը կազմել է 43.1 միլիարդ դրամ կամ 9.4 տոկոս, իսկ մաքսային մասով՝ 3 միլիարդ դրամ կամ 1.9 տոկոս»,- ասաց Հարությունյանը:
Վարդան Հարությունյանի խոսքով՝ խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը նվազել է 48.8 տոկոսից հասնելով 33.2 տոկոսի
«Ստվերի կրճատմանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32 տոկոսով: Տեսչությունում հաշվառված ոչ ռիսկային հարկ վճարողների կողմից 2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 9 միլիարդ դրամով կամ 4.6 տոկոսով, մինչդեռ ռիսկային գնահատված 264 հարկ վճարողի կողմից վճարված հարկերն աճել են գրեթե 17 միլիարդ դրամով կամ ավելի քան 30 տոկոսով: Ընդ որում, եթե 2016թ. 4-րդ եռամսյակում տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողից ռիսկային է գնահատվել 296-ը, ապա 2017թ. առաջին եռամսյակում տեսչությունում գրանցված 617 հարկ վճարողից ռիսկային է 264-ը»,- ասաց Վարդան Հարությունյանը, շեշտելով, որ շարունակում են հետևողական աշխատանք տանել ստվերը սպիտակ դաշտ բերելու համար: