Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր թիմակիցների հետ՝ քարոզարշավի շրջանակներում Ջրվեժում էր։

Ընտրողների հետ հանդիպմանը գործող քաղաքապետը նշեց՝ չորս տարի առաջ իրենց թիմով ներկայացրին «Ավելի լավ Երևան» ծրագիրը, և այսօր կարող են ասել, որ ավելի լավ Երևան ունենք: Սակայն դա դեռ չի նշանակում, թե Երևանում չկան խնդիրներ, բազում խնդիրներ դեռևս կան․ «Վստահաբար կարող ենք ասել՝ այն թիմը, որը  սրտացավ օրուգիշեր աշխատել է և ծառայել երևանցիների համար, այսօր եկել է իր հնգամյա ծրագիրը ներկայացնելու»:

Տարոն Մարգարյանն ընդգծեց՝ ոչ թե եկել ենք խոստումներով, այլ կատարած աշխատանքով․ «Մենք չենք եկել խոստումներով, այլ՝ կատարած աշխատանքով և հստակ, իրատեսական ծրագրով»,- նշեց նա։

Նա թվեց, թե ինչ անելիքներ ունեն անելու՝ քաղաքային տրանսպորտի խնդիր, բազմաբնակարան շենքերի, վերելակների, տանիքների խնդիր և այլն:

Մարգարյանը նշեց՝ իրենց կատարած աշխատանքները շարունակական բնույթ են կրելու․ «Չորս տարի լսելով բնակիչների առաջարկները՝ դրանք ներառել ենք ծրագրում և վստահաբար կարող ենք ասել, որ մեր թիմով կարող ենք այդ ամենը կյանքի կոչել: Ուստի դրա համար եկել ենք խնդրելու մայիսի 14-ին վստահության քվեն տալ մեր թիմին։ Կարող ենք խոստումներ տալ, բայց մենք գործի մարդ ենք, շատ աշխատում ենք, քիչ խոսում ենք, հստակ գիտենք մեր անելիքները»,-ասաց նա: