Ամերիկայի ձայնը ներկայացրել է PEW հեղինակավոր կենտրոնի՝ Եվրասիայում ու Արեւելյան Եվրոպայում անցկացրած հարցման տվյալներ, որոնց համաձայն, այդ տարածաշրջանի երկրներից ԽՍՀՄ-ն ամենաշատը կարոտում է Հայաստանի հանրությունը՝ 79 տոկոս:
Այդքանը բացասական երեւույթ է համարում ԽՍՀՄ փլուզումը: Արտաքուստ այս թվերն անիրական, զավեշտալի են թվում, երբ հիշում ենք, որ 88-ի շարժումն ամենազանգվածայիններից էր խորհրդային տարածքում և, ըստ էության, այն գործոններից մեկն էր, որն արագացրեց կայսրության քայքայումը: Սակայն իրականում՝ հենց այս թվերն են արտացոլում այն դժնդակ իրականությունը, որն առկա է մեզանում և որևէ կերպ չի ցանկանում արմատախիլ լինել: Հայաստանում սովետական թալանչիական մտածելակերպը ներթափանցած է բոլոր օղակներ, և ամբողջ համակարգը, հայկական մտածելակերպը հենց Խորհրդային Հայաստանում ձևավորված մտածելակերպն է: Սովետական Հայաստանի հայը հատուկ հայի կերպար է, որի մեջ հայկական գեներ են, բայց սովետական ուղեղ, որից պետք է ազատվել ժամանակի ընթացքում, սերնդափոխությամբ, այլապես կոմունիստական ազդեցությունն ամրանում է: Մեր էլիտան, հասարակությունը պատրաստ չեն մրցակցության, բանավեճի, ստեղծագործելու, վարժված են «անգյալի» կարգավիճակին ու ըստ այդմ՝ ձևավորվում է չափանիշների համակարգ՝ Սովետի հանդեպ նոստալգիայով: Այս տարիների ընթացքում՝ քաղաքական էլիտա ձևավորելու ժամանակ, պետք էր մեկը մյուսի դրականի վրա հենվելով, մեկը մյուսի սխալները, թերությունները շտկելով, կազմակերպել մեր պետական համակարգի կառավարումը։
Սակայն 25 տարի մեր քաղաքական էլիտան չի փոխվել։ Ժամանակակից աշխարհում, քաղաքակիրթ բոլոր երկրներում ընտրությունները հենց այդ նպատակն ունեն, որպեսզի քաղաքական ուժերի փոփոխությամբ թարմություն մտնի կյանքում՝ թարմ գիտելիքներ, թարմ հմտություններ, ունակություններ, փորձ, որոնք տվյալ երկիրը կարող են տանել դեպի առաջընթաց։ Այնուհետև, վարչապետի մակարդակով զարմանք ենք արտահայտում, թե որտեղից է այդ «պոլիտբյուրոն», որ նստած է մեր չինովնիկների մեջ, որոնք կառավարումն իրականցնում են դեռևս սովետից մեզ բաժին հասած նորմատիվներով: Չե՞նք կարող նորը ստեղծել, թե՞ պարզապես գոհ ենք առկա վիճակից: Իսկ որտեղի՞ց այդ «պոլիտբյուրոն» այն երիտասարդների մեջ, ովքեր անգամ սովետ չեն տեսել, և համարվում են մեր պետության ապագան ու հիմքը: Այսինքն, մենք շարունակելու ենք պետականություն կերտել, հիմնվելով նույն արժեհամակարգի վրա, իսկ դա ենթադրում է մեկ բան՝ փակուղի:
Մենք ունենք շատ քաղաքական գործիչներ, մանավանդ ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր քաղաքական դաշտում աշխատանք չեն կատարում, բայց ամբիոններից և մամուլի ակումբներում մտահոգություն են հայտնում, թե ինչու ժողովուրդը չի գալիս նրանց հետևից. տպավորություն է, որ իրենք Մովսեսն են, ժողովուրդն էլ մոլորվել է, և չի գալիս նրանց հետևից, որ իրեն առաջնորդեն դեպի Ավետյաց երկիր կամ պայծառ ապագա: Հայաստանի քաղաքական էլիտան ամբողջությամբ նստած է հանրային և պետական ռեսուրսների մսխման տրամաբանության վրա և սա լուրջ խնդիր է: Միևնույն ժամանակ, ստեղծված իրադրության մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաև երիտասարդ ուժերը: Այդ ուժերի համար պետք է ակնհայտ լինի, որ եթե քաղաքականության ներքևի՝ դաշտային մակարդակում պարտվում ես, աշխատանք չես տանում քաղաքացիների հետ, ուրեմն վերևի մակարդակում անպայման պարտվելու ես, որովհետև սոցիալական հենարան չունես:
Հայաստանի քաղաքական դաշտը սերնդափոխության խնդիր ունի, բայց դա վերաբերում է ոչ միայն իշխող կուսակցությանը կամ իշխանությանը, այլեւ բոլոր հիմնական կուսակցություններին. այդ խնդիրն առկա է գրեթե բոլոր կուսակցություններում: Սա եւս վկայում է այն մասին, որ Հայաստանը տրանսֆորմացիայի փուլում է՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, եւ նոր սերունդն իր տեղը պետք է զբաղեցնի անպայման: Միևնույն ժամանակ, պիտի հասկանանք՝ նոր էլիտան որն է, խոսքը քաղաքակա՞ն էլիտայի մասին է: Ամեն տեսակ ոլորտ թարմացվելու կարիք ու պահանջ է զգում, հատկապես քաղաքական ոլորտը: Վաղ թե ուշ՝ կլինի սերնդափոխություն: Բայց հարցը միայն ֆիզիկական սերնդափոխության մեջ չէ. նոր էլիտան միայն առավել ժամանակակից կրթություն ու տեխնոլոգիաներ, տեխնոկրատ և միջազգային իրավունքը լավ կերտած երիտասարդ մասնագետները չեն, նոր էլիտան պետք է նոր մտածողության կրողը լինի, և դրանով պետք է հանդես գա որպես ընդդիմադիր' հին մտածողության, կարծրատիպային և շաբլոնային մտածողության:
Եթե հիմա մենք դա չունենք կամ չենք տեսնում, ուրեմն լավագույն այդ մասնագետներն էլ, ավաղ, հնի իներցիոն շարունակությունն են: Մինչև հայաստանյան քաղաքական «իրականությունը» չփոխվի, նոր էլիտայի պոտենցիալ ներկայացուցիչները մնալու են «անկյուններ» քշված: Համակարգը պարտքի զգացում ունի, խնդիր ունի տեղավորելու իրեն այս 20 տարվա մեջ տարատեսակ ծառայություններ մատուցած անձանց, և միայն փոխատեղումներ կարող է անել, իսկ թարմացնել՝ ոչ: Առհասարակ, բոլոր դիտարկումներս թույլ են տալիս կասկածանքով վերաբերվել ցանկացած շարժման ու գաղափարական կառույցի, որտեղ նոր մտածողության, նոր մոտեցումների փոխարեն՝ դեռ չարչրկված գաղափարներ են և մարդկանց ուրվականների պաշտամունք է, կամ «էլիտար» մեծ պասիվություն: Սերնդափոխության խնդիր կա: Մտածողության սերնդափոխություն, ու սա կարծրատիպ չէ, սա ամենօրյա իրականություն է՝ կյանքի տարբեր ոլորտներում, որը խոչընդոտում է ցանկացած զարգացման, որը խոչընդոտում է ազնիվ ուժերին և մարդկանց՝ իրական պայքարի դուրս գալու, առավելապես՝ միասնություն կազմելու և միասնական լինելու, հանդուրժելու ուրիշի գաղափարը ևս, այլ ոչ մենաշնորհելով մեկը և մշտապես պտտվելով գուցեև մահացած կամ ժամկետն անցած այդ գաղափարի շուրջ՝ բացառել մյուսները:
Ստելլա Խաչատրյան