ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն այն համոզմանն է, որ մայիսի 14-ին կատարվածը ոչ թե ընտրություն էր, այլ, ընդամենը, քվեարկություն, քանի որ քաղաքացին չի ունեցել ընտրելու հնարավորություն. «Քաղաքացիները ոչ մի շահագրգռվածություն չեն ունեցել, քանի որ անգամ ընտրակաշառք չի եղել, հետևաբար, նա գիտեր, որ խոսքը կեղծված ընտրության մասին է, դրա համար էլ՝ ինչու պետք է գնային և որևէ մեկին ընտրեին: Դրա համար էլ՝ ունեցանք այն, ինչ ունեցանք և արձանագրվեց ընտրություններին քաղաքացիների շատ փոքր մասնակցության ցուցանիշ»:


ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանն՝ արդյոք Հայաստանում երբևէ հնարավոր կլինի՞ ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քանի դեռ մենք ԵՏՄ կազմում ենք, ընտրություններով երբևէ հնարավոր չի լինելու իշխանություն ձևավորել: Օրինակ՝ Լուկաշենկոն արդեն իր որդուն է պատրաստել որպես իրեն փոխարինող, Նազարբաևն՝  իր դստերը,  Ալիևը՝ կնոջը, այնպես որ՝ այս ակումբում ժառանգության մասին պետք է խոսել, ոչ թե դեմոկրատական և ժողովրդավար ընտրությունների»:


Ճշտող հարցին՝ իսկ ո՞ւմ է պատրաստել այս պարագայում Սերժ Սարգսյանը որպես Հայաստանի հաջորդ ղեկավար, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Զարմանալի է. այս առումով Սերժ Սարգսյանը շատ նման  է Պուտինին: Նա տղաներ չունի, եղբայրներին մասին դեռ չի խոսում, փեսաներին էլ չի գովազդում որպես ապագա իշխանության ղեկավար, հետևաբար, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Վլադիմիր Պուտինը իշխանության ղեկին կմնան մինչև վերջ, այնքան ժամանակ, քանի դեռ կան»: 


Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Հայաստանը ցեղապետությունից ժողովրդավարական երկիր դառնալու համար պետք է նախևառաջ հրաժարվի ԵՏՄ-ից, քանի որ այդ ակումբի անդամ պետությունները երբևէ չեն կարող ընտրության միջոցով իշխանություն ձևավորել:

 

«Քանի դեռ մենք հանդուրժում ենք այն հանրապետականներին, ովքեր չսպասելով ընտրության արդյունքներին, ասում են՝ «բա Տարոն Մարգարյանն է հաղթելու,  իսկ ի՞նչ էիք կարծում», մենք ժողովրդավարության մասին երազել անգամ չենք կարող»: