Այսօր Աժ նիստն իր թեժությամբ անշուշտ զիջում է առաջին երկու օրերին: Թերևս հիասթափված կմնայինք հարազատ երեսփոխանների պատգամավորական ակտիվությունից, եթե իրավիճակը չփրկեր «Ծառուկյան» դաշինքի երկու կարկառուն անդամների կողմից ԱԺ ամբիոն բարձրացված և երկրին հուզող թիվ մեկ խնդրի շուրջ ծավալված անչափ «բովանդակալից» դիսկուսիան:
Նաիրա Զոհրաբյանն իր կուսակից , իսկ այժմ արդեն նաև Տարածքային կառավարման և տեղական կառավարման մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդևան Գրիգորյանի հասցեին հնչեցրած գովասանքի խոսքերից հետո, ամենայն էմոցիոնալությամբ հորդորեց նրան՝ որևէ պարագայում աչքաթող չանել բնապահպանական խնդիրները, որոնք, ըստ Զոհրաբյանի՝ մեր երկրի համար «կատաստրոֆա» առաջացնող առաջնային խնդիրներն են և առաջարկեց, որպեսզի այդ խնդիրների քննարկմանն անպայմանորեն ներգրավվի նաև քաղաքացիական հասարակությանը, որի հասցեին նույնպես Զոհրաբյանը չմոռացավ բոցաշունչ գովասանքի խոսքեր հղել: Մինչ Վարդևան Գրիգորյանը ամբիոնի մոտ ոտքը կախ էր գցել, մտամոլոր նայելով շուրջը (գուցե շատերի պես մտորում էր, թե հատկապես որ արժանիքների համար է ստանձնել նման կարևորագույն հանձնաժողովի նախագահությունը) և կարծես մտքում կրկնելով նախապատրաստած պատասխանը՝ Նաիրա Զոհրաբյանն է՛լ ավելի ընդլայնեց մեր երկրի համար «կատաստրոֆա» առաջացնող առաջնային խնդիրների շրջանակը՝ Թեղուտի պոչամբարից, Թռչկանի վիճակից հասնելով մինչև քաղցկեղային նորագոյացությունների երիտասարդացումը:
Թե ինչ կարիք կար սույն հարցի քննարկումը հասցնել ԱԺ ամբիոն և վերածել ներկուսակցական «պյատիմինուտկայի», խնդրի շուրջ կուսակիցների միջև կարծիքների փոխանակման, գիտեն միայն այս հետաքրքրաշարժ երկխոսության մասնակիցները: Կասկած անգամ չկա, որ ցանկության դեպքում այս կարգի հարցերը կարող են քննարկվել ֆրակցիայի նիստում կամ, անգամ՝ խորհրդարանի միջանցքում՝ ընդմիջման ժամանակ, մյուս կողմից էլ հասկանալի է՝ «Ծառուկյան» դաշինքում այնքան հարցեր են կուտակվել, որ գործը «կատաստրոֆա» առաջացնող առաջնային խնդիրներին այդպես էլ չի հասնում: Մնում է սույն խնդիրը քննարկել երկրի խորհրդարանի ամբիոնից: Զոհրաբյանի կողմից այս հարցի բարձրաձայնումը դեռևս կարող էր տեղին դիտվել, եթե ուղղված լիներ, ասենք, ՀՀԿ ներկայացուցչին: Թերևս միամտորեն կմտածեինք՝ ընդդիմադիրի կերպարի մեջ են և ցանկանում են ուղղորդել իշխանությանը, որը ճիշտը սխալից չի տարբերում: Մինչդեռ խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ֆրակցիան, երկրի երկրորդ քաղաքական ուժն այսօր պառլամենտի նիստը ակնհայտորեն վերածել էր պոպուլիզմի ժանրի սթենդ ափ շոուի: Կարելի է ենթադրել, որ այսպես նախընտրել են «ջրել» քաղաքական թեմաները, խնդիրները, որոնք իրոք «կատաստրոֆայի» կարող են հասցնել և խոսել բացարձակապես անշառ թեմաներից: Ինչպես ասում են ՝ էպոտաժը կա, քաղաքականություն չի երևում: