Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այն համոզման է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում բանակցային սեղանին դրված միակ փաստաթուղթը Մադրիդյան փաստաթուղթն է և Հայաստանի և Ադրբեջանի բանակցային օրակարգն այդ փաստաթղթի դրույթներն են. «Ես չեմ հասկանում՝ ամեն անգամ ինչու է այդ սկզբունքների շուրջ այդքան մեծ աղմուկ բարձրանում: Չէ՞ որ մենք այլ փաստաթուղթ չունենք, որի շուրջ կբանակցեին երկու պետությունների ղեկավարները»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ չբացառելով տարածքների հանձնումն Ադրբեջանին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյո՞ք Մադրիդյան սկզբունքներին այլընտրանք չունեն և հնարավո՞ր է արդյոք՝ հակառակորդը նորից փորձի կրկնել ապրիլյան էքսկալացիան, քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանը չունի դիվանագիտական դաշտում մանևրելու հնարավորություն, հետևաբար, այդ փաստաթուղթը միակն է: Խնդիրները չեն լուծվում կամ-կամի սահմաններում, այստեղ մեծ կարևորություն ունի դիվանագիտական և ռազմական ֆակտորը: Պակաս կարևոր չէ նաև հայկական լոբբին, բայց այս պահին և առաջիկա տարիներին Արցախի հարցը լուծում չունի ո՛չ ռազմական, ո՛չ էլ դիվանագիտական ճանապարհով: Իսկ Ադրբեջանն էլ, կարծում եմ, Ապրիլյան պատերազմի նման ռազմական հարձակման դեռ չի դիմի. այս պահին դա բացառում եմ, քանի որ Ադրբեջանում էլ կան բազմաթիվ խնդիրներ»:


Վերջինս վստահ է, որ Արցախա-ադրբեջանական հիմնախնդրի կարգավորման հարցում միակ ռեալ ջանացողը հայկական պետություններն են. «Մենք այդ հարցում մենակ ենք, այլ համախոհ չունենք»:

 

Քաղաքագետը, խոսելով նախորդ շաբաթ հակամարտության շփման գծում հակառակորդի ակտիվացման մասին՝ նշեց, որ այս քայլով Ադրբեջանը որևէ նոր տակտիկա չի որդեգրել և հրադադի նման խախտումներհն ու սրացումները մեր հակառակորդի մշտական գործելաոճն է: 

 

Աղավնի Սուքիասյան