Ընտրապայքարի շրջանում պայքար եղավ, բայց նախագահի պաշտոնին թեկնածուներից որևէ մեկը լուրջ չի հավակնել և նախագահի թեկնածուներից բոլորը դա հասկացել են, այսօր հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Վերլուծելով նախընտրական քարոզչության շրջանը՝ քաղաքագետը թեկնածուներին բաժանեց երկու խմբի: Ըստ նրա՝ Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, թեկնածուներ են, որոնք ունենք կուսակցության աջակցություն, կարող են իրենց քարոզչությունն իրականացնել, ունեն ֆինանսական հնարավորություն և դրանից ելնելով նրանց քարոզչությունը եղավ մի փոքր դասական:
«Ամեն դեպքում այդ երկու թեկնածուները այն, ինչի համար պայքարում էին, քիչ թե շատ դասական ոճով էին պայքարում: Երկրորդ խումբը մնացածներն են (բացառությամբ գործող նախագահի - Tert.am), ովքեր չունեն այդ գործիքները, ընտրողների հետ հանդիպելու հնարավորություն չունեն»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ընդհանուր առմամբ, քաղաքագետի գնահատականով, ընտրաշրջանը օրենքի սահմաններում էր և հետաքրքիր: «Կար ֆավորիտ' Սերժ Սարգսյանը, նույնիսկ ֆորս մաժոր եղավ Պարույր Հայրիկյանի հետ, բայց դա չփոխեց իրավիճակը»,– ասաց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդը կարող էր լինել Գագիկ Ծառուկյանը, բայց նրա հաղթանակը ակնկալել' նույնպես անիմաստ էր:
Բանախոսի կարծիքով նախընտրական շրջանը շուկա է, վաճառվում է այն ապրանքը, որն առաջարկում են: «Մեր երկրում վաճառվում է այն, որ ասվում է ընտրություններ չեն լինելու: Բայց ընտրություններից հետո կյանքը չի ավարտվում: Ակնկալել լուրջ ընդդիմություն պետք չէ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանը լի բազմաթիվ ընդդիմադիրներով: