Ցավոք, մենք ապրում ենք մի երկրում, ուր հազվադեպ են լավ բաներ կատարվում, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք որոշակի հույս են ներշնչում վաղվա օրվա հանդեպ:

Անկասկած, մայիսի 25-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1` Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի 8 կամուրջներին հարող հատվածներում երթևեկության երկկողմանի բացումը այդ իրադարձություններից մեկը պետք է համարել: 

Վերջապես մեր իշխանությունները կարողացան տարիներ ձգձգվող շինարարությունից հետո, անգամ սկանդալների մեջ հայտնվելով ճանապարհը գործարկել:

Հիշեցնենք, թե ինչ սկանդալի մասին էր խոսքը, բանն այն է, որ ճանապարհի այս հատվածը մեկ անգամ արդեն իսկ բացվել էր, բայց ակնհայտ և վտանգավոր թերությունների պատճառով նորից փակվել էր և նորից սկսվել էին անվերջանալի թվացող շինարարական աշխատանքները:

Ընդհանրապես, գաղտնիք չէ, որ «Հյուսիս-հարավը» Հայաստանի զարգացման ռազմավարության տեսանկյունից հիմնահենքային ծրագրերից մեկն է, որի շնորհիվ երկիրը հնարավորություն է ստանալու շատ ավելի մեծ տեմպերով առաջ շարժվելու, քան կարելի է անգամ պատկերացնել: Հայտնի է, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրներից մեկն էլ ճանապարհային ենթակառուցվածքների ոչ այնքան բարվոք վիճակն է. չկան լավ ճանապարհներ, ուրեմն` չի կարող լինել կենսունակ, աշխույժ տնտեսություն: Ճանապարհները յուրաքանչյուր պետության հայելին են, այս կամ այն երկրի զարգացման հեռանկարները կանխորոշող  ատրիբուտներից մեկը: Այս իմաստով ճանապարհի գործարկումը  հույս է ներշնչում, որ Հայաստանը կկարողանա ճիշտ օգտագործել ունեցած ներուժն ու տնտեսության զարգացման հեռնկարները շատ ավելի իրատեսական բնույթ կկրեն, քան կրել են մինչ այժմ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ