Վերջին ժամանակներս քաղաքական դաշտում մի յուրատեսակ գործընթաց է նկատվում. փորձ է կատարվում վերակենդանացնել արտախորհրդարանական ուժերին: Սրա հետ կապված հատկանշական է հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունները, որոնցում պարզ նկատվում էին որոշակի միտումներ՝ ապագայում ինչ-որ կերպ ակտվություն ցույց տալու` թեկուզ ԱԺ-ի պատերից դուրս: Իսկ այս ամենը խոսում էր այն մասին, որ իշխանություններն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ կապված կարող են և առանձին պլաններ ունենալ, մանավանդ, երբ հաշվի ենք առնում Վահրամ Բաղդասարյանի վերջին հայտարարությունը թեմայի վերաբերյալ. իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ պատրաստ են համագործակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: «Մեզ համար պետք է լսելի լինի մեր ընդդիմադիր գործընկերների ձայնը, և մենք պետք է համագործակցենք ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Եթե այդ ուժը միտված է ծառայել մեր պետականության կայացմանն ու զարգացմանը, մենք միայն դրանից կուրախանանք, բայց սպասենք գործընթացների զարգացմանը»,-հայտարարել էր Բաղդասարյանը:

Ավելին՝ «Ելք» դաշինքից պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, խոսելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` վերջերս «Ելք»-ին համագործակցության շուրջ արված առաջարկի մասին, հայտարարել է, թե ինքը դեմ չէ արտախորհրդարանական  ուժերի առաջարկը խորհրդարանում բարձրացնելուն՝ զգուշությամբ հավելելով, սակայն, որ դա ընդամենն իր անձնական կարծիքն է:

Եվ այսպես հարց՝ ի՞նչ է կատարվում: Կատարվում է, ըստ էության, հետևյալը. իշխանություններն, ելնելով սեփական շահերից, փորձում են արտախորհրդարանական ուժերին որոշակիորեն աշխուժացնել, նրանցից ստեղծել իրենց համար պետքական գործիք ու այն կառավարել «Ելք»-ի միջոցով: Ու որպեսզի նախօրոք անակնկալներից զերծ լինի դաշտն ու լիովին կառավարաելի, Րաֆֆի Հովհաննիսյանին են մեջտեղ բերել. վերջինս երբեք աչքի չի ընկել կամային անգերազանցելի հատկանիշներով այդ պատճառով էլ նա չի կարող երբեք էլ հավակնել դափնիների, այսինքն՝ այն, ինչն անհրաժեշտ է իշխանություններին՝ հարկ եղած դեպքում և դրսում մնացած ուժերի գործոնն օգտագործելու համար:

Բանն այն է, որ հասարակությանն, իրապես ակտիվանալու ու գործոնի վերածվելու համար, անհրաժեշտ է մաքուր, չվարկաբեկված առաջնորդ, ով ընդունակ կլիներ ժողովրդի ձայնը մինչև վերջ բարձրաձայնելու: Հանդիսանո՞ւմ է Րաֆֆին նմանատիպ գործիչ: Իհարկե, ոչ: Հետևաբար՝ նա հարմար գործիք է իշխանությունների համար հասարակության  անունը շահարկելու ճանապարհով հասնելու ինչ-ինչ նպատակների՝ նպատակներ, որոնք հայտնի կդառնան միայն ժամանակի ընթացքում: Այնպես որ՝ Վահրամ Բաղդասարյանի ուրախությունը հիմքեր, այնուամենայնիվ, ունի: Նեղացկոտ մարդիկ այս իշխանությունների համար մի ողջ գանձի արժեք ունեն:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ