ՀՅԴ Գերագույն մարմնի նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինելու է Տարածքային կառավարման զարգացման փոխնախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՅԴ վերնախավը Սիմոնյանից մի շարք դժգոհություններ է ունեցել` կապված ընտրություններում Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում՝ դաշնակցության գրանցած անբավարար ցուցանիշներից: Բացի այդ մարզպետին չներվեց Գյումրու ավագանիում ՀՅԴ ներկայացված չլինելը: Այսինքն, դաշնակցականները գնահատել են Հովսեփյանի ոչ թե պետական ծառայությունը, այլ դժգոհել են, որ պետական լծակները «ճիշտ» չեն օգտագործվել կուսակցության համար, ասել է թե՝ Սիմոնյանը մարզպետի պաշտոնը ճիշտ չէ ծառայեցրել դաշնակցության համար, և այժմ այդ սուրբ պարտականությունը դրվելու է Արթուր Խաչատրյանի ուսերին: Կհաջողվի՞ վերջինիս դաշնակցական վերնախավի քիմքին հաճո օգտագործել մարզպետի լծակները՝ ցույց կտա ժամանակը…
Նկատենք, որ դաշնակցականների նման լակոնիզմը զարմացնում է, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ վերջիններս նոր քաղաքական մշակույթ ամրագրելու ամենաթեժ ջատագովներ են ներկայանում: Մինչդեռ այդ նոր քաղաքական մշակույթը կենթադրեր համապատասխան բացատրություններ հնչեցնել ինչպես հանրությանը, այնպես էլ կոալիցիոն գործընկերներին:
Թե չէ անհարմար բան է ստացվում: Մարզպետի աթոռը ՀՅԴ-ին տվել է կառավարությունը, իսկ դաշնակցությունը որոշել է ինքնագլուխ մարզպետին աշխատանքից ազատել: Ի՞նչ է մնում կառավարությանը: Կառավարությանն էլ մնում է հաջորդ նիստի ժամանակ գրչի մի շարժումով լեգիտիմացնել կոալիցիոն գործընկերոջ ափալ-թափալ ընդունած որոշումը: Մի կողմ դնելով այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ ՀՅԴ սխալ է հասկացել պառլամենտարիզմի գաղափարը (իսկ այն ենթադրում է հրապարակայնությունը և հաշվետվողականություն), ոչ պակաս կարևոր հարց է , թե որն էր մարզպետի փոփոխության իրական պատճառը: Մի քանի օր առաջ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «մարզպետի փոփոխության մասին տեղեկությունները 180 աստիճան սուտ են ու նա ղեկավարելու է շատ երկար-երկար տարիներ»: Կարծես թե բացակայում է որևէ պաշտոնական գրություն այն մասին, որ Սիմոնյանը նկատողություն է ստացել վարչապետից կամ նախագահից: Հետևաբար կարելի է ենթադրել, որ մարզպետին փոխարինելու որոշումը զուտ ներկուսակցական է եղել:
Ստելլա Խաչատրյան