Դեռևս ամիսներ առաջ ձևավորվեց ԵԼՔ դաշինքը, որը խորհրդարանական, ապա Երևանի ավագանու ընտրություններին որդեգրեց «Ելք կա» կարգախոսը: Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը մեղադրում է քաղաքական թիմին իր կարգախոսը պլագյադ անելու մեջ: Վերջինս պնդում է, որ ինքը դեռևս տարիներ առաջ օգտագործել է այս եզրույթը և շրջանառության մեջ դրել որպես կարգախոս:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արծրուն Պեպանյանը նշեց, որ աշխարհում «ելք կա» արտահայտությունն առաջին անգամ ինքը չի օգտագործել, որ պայքարի հեղինակային իրավունքների համար. «Պարզապես տարիներ շարունակ, երբ տեսնում էի, որ ժողովուրդն ընկնում է վհատ վիճակի մեջ, ասում էի՝ «Ելք կա» ու իմ հոդվածներում ցույց էի տալիս այդ ելքը։ Իրենք, որ վերցրին, ես առանձնապես վատ չզգացի: Ես գրել եմ ելք կա, նշանակում է՝ տեսել եմ այդ ելքը, գուցե իրենք է՞լ են տեսնում»:

Հարցին՝ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների հետ երբևէ զրուցե՞լ է այս թեմայի շուրջ, վերլուծաբանը պատասխանեց.

«Մարդիկ դուրս էին եկել քաղաքական պայքարի, և եթե ես այդ մասին որևէ բան ասեի, ապա կստացվեր, որ խնդիրներ եմ ստեղծում իրենց համար։ Եթե գտնում են՝ ելք կա, ապա թող ցույց տան և մարդկանց տանեն դեպի այդ ելքը»։

Արդյո՞ք ԵԼՔ դաշինքն այն քաղաքական ուժն է, որը գիտի՝ որն է ելքը և կկարողանա ցույց տալ այդ ելքը, մեր զրուցակիցն ասաց. «3-րդ հանրապետության ամենաառաջին ակնթարթներից հետևում եմ քաղաքական իրադարձություններին։ Ժամանակին եղել է Վազգեն Մանուկյանը՝ որոշակի խարիզմայով ու հեղինակությամբ, ով ունեցել է բավականին ուժեղ թիմ, ձևավորել է հակաիշխանական, բազմամարդ գաղափարական շարժում և հաջողություն չի ունեցել։ Նրա շարժումն ամենաթափովն էր ու ամենակազմակերպվածը: Հիմա, եթե դուք կտեսնեք մի շարժում, որի առաջնորդը կլինի ավելի խարիզմատիկ և խելացի, քան Մանուկյանը, իր շարժումը կլինի ավելի հզոր, քան Մանուկյանինն էր, կունենա ավելի փորձառու ու կուռ թիմ, քան Մանուկյանինն էր, կլինի ավելի բազմամարդ, քան Մանուկյանինն էր, ապա այդ դեպքում միայն իմաստ կունենա քննել իրենց հաջողության հասնելու շանսերը: Իսկ եթե ակնհայտորեն զիջում են, ապա իմաստ չունի ժամանակ ծախսել։ Եթե դուք հիմա ինձ կապացուցեք, որ ԵԼՔ դաշինքը գերազանցում է 1995-1996 թթ․ շարժմանը, ապա խնդրեմ, քննարկենք։ Իսկ եթե չի գերազանցում, ապա ի՞նչ իմաստ ունի անդրադառնալ այդ հարցին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ որպեսզի որևէ շարժում հաջողություն ունենա, անհրաժեշտ է, որ առաջնորդները կարողանան պարզել, թե ինչու է Հայաստանում այս իրավիճակը, որոնք են այս վիճակը ծնող պատճառները: Հետո արդեն՝ պարզեն, թե ինչպես կարելի է հաղթահարել այս վիճակը, որն էլ հենց ելքն է:

Մեր հարցին՝ որո՞նք են ներկա վիճակի կարևորագույն պատճառները, Պեպանյանն ասաց. «Կարևոր պատճառներից կառանձնացնեի՝ վերջին հազար տարում պետություն չունենալն ու մեզանից պակաս քաղաքակիրթ ժողովուրդների իշխանության տակ գտնվելու ժամանակում մեզանում ձևավորված բացասական հատկանիշների համախումբը, որոնցով պետություն կառուցելն անհնար է: Հաջորդը՝ երբ անցնում են կապիտալիստական հասարակարգի, ապա բարքերը խախտվում են. որպես կանոն մի խումբ մարդիկ գալիս են իշխանության, հարստանում, իսկ ժողովրդի մեծ մասը մատնվում է աղքատության: Սա հայտնի էր կապիտալիզմի տեսաբաններին դեռ 19-րդ դարում: Երրորդը` պատրաստ չլինելով ընտրություններին, ուրիշների օրենքներ ենք բերել և փորձում ենք դրանք իրականացնել, մինչդեռ դա, ինչպես հայտնի է քաղաքագիտության մեջ, կարող է հանգեցնել պետության կազմաքանդման, ժողովրդի հուսալքության»:

Պարոն Պեպանյանն ավելացրեց, որ ելքի իրական ուղին պիտի հաշվի առնի այս ամենն ու առաջարկի այս բացասական հատկանիշների համախումբը հաղթահարելու եղանակ:

Պեպանյանի կարծիքով՝ այս պահին չկա որևէ քաղաքական ուժ, որն առաջարկում է մեր խնդիրները հաղթահարող լուծում:

Սոնա Հարությունյան