ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 19 մլրդ 743.2 մլն դրամ (կամ մոտ 40 մլն դոլար): Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ, ուղղակի ներդրումներն ավելացել են 4.7 մլրդ դրամով: Բայց այս աճը գրանցվել է հիմնականում օֆշորային երկրներից արված ներդրումների հաշվին:
Տեսակետ կա, որ գործող իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների՝ նախորդ տարիներին Հայաստանից հանված գումարներն են պտտվել օֆշորներում եւ որպես ներդրում՝ վերադարձել: Համենայն դեպս, ըստ ԱՎԾ-ի, միայն Ջերսիից 5.7 մլրդ դրամի ներդրում է իրականացվել, Կիպրոսից՝ 3 մլրդ դրամի եւ այլն: Իսկ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերները նվազեցրել են իրենց ներդրումները: Օրինակ՝ ՌԴ-ն Հայաստանում այս տարի իրականացրել է ընդամենը 4.7 մլրդ դրամի ներդրում, ինչը 13 մլրդ դրամով պակաս է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից, իսկ ահա ԵՄ անդամ երկրներից մի քանիսն էլ պարզապես Հայաստանից հանել են իրենց կապիտալը: Հատկանշական է փաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը համարվում է պրոռուսական մարդ, պատրաստվում էր այնտեղից գումարներ բերել Հայաստան, ինչը, սակայն, նրան դեռ չի հաջողվել. համենայն դեպս, այդ մասին է վկայում ՌԴ-ից իրականացվող ներդրումների ծավալների նման կտրուկ անկումը: Կարող ենք արձանագրել, որ «Ռուսաստանաբնակ հայ գործարարները» հերթական անգամ «ձեւեր թափեցին»: Հիշեցնենք, որ 2008 թվականին, ռուսաստանաբնակ մի շարք հայ գործարարներ՝ էլի նմանատիպ հայտարարություն տարածեցին ու նույնիսկ կոնկրետ ներդրումների չափեր նշեցին, ընդհանուրը՝ շուրջ կես միլիարդ դոլարի: Մինչեւ հիմա սպասում ենք այդ ներդրումներին:
Վերջին շրջանում Կարապետյանի «զավակ» հանդիսացող ներդրողների ակումբի վարկանիշն էականորեն տուժեց՝ կապված այնտեղ առկա քրեաօլիգարխիկ տարրերի առկայության հետ: Շատերի մոտ տրամաբանական հարց էր առաջացել՝ ինչի՞ համար են ծառայեցնելու մեր երկիրը մարդիկ, ովքեր միայն կեղտոտ փողեր են «ֆռռացնում»: Դա էլ դեռ քիչ էր մեր՝ ներդրումների ծարավ իշխանությունների համար, հենց այն ժամանակահատվածում, երբ ՀՀ նախագահը վերացրեց վիզայի ռեժիմը Քաթարի հետ՝ այդ երկրից ներդրումներ ապահովելու խիստ մշուշոտ հեռանկարով, արաբական այդ միապետությունը հայտնվեց միջազգային սկանդալի կիզակետում՝ իզգոյի վերածվելու ակնհայտ հեռանկարով: Փաստորեն, Սերժ Սարգսյանը հույսեր է կապում, փողեր է ակնկալում մի երկրից, որը մեղադրվում է ահաբեկիչներին աջակցելու մեջ: Մեկուսացման մեջ հայտնված Քաթարը հազիվ թե հիշի Հայաստանի մասին: Չնայած իզգոյացման մեջ հայտնված Քաթարին Հայաստանը նույնիսկ կարող է պետք գալ՝ իր կեղտոտ փողերը լվանալու համար: Այդ դեպքում՝ Հայաստանն ակամայից կհայտնվի ահաբեկչությունը սատարող երկրների ցանկում, էլ չասած այն մասին, որ մեր երկիրը մանրադրամի է վերածվելու ներարաբական հակամարտության մեջ:
Ստելլա Խաչատրյան