Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտակայքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակումներ: Կան զոհեր, պատանդ վերցվածներ:
Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ է կատարվում Իրանում:
- Ինչպես հայտարարեց իրանական կողմը, տեղի ունեցածն ահաբեկչություն է: Մենք գործ ունենք ահաբեկչության դրսևորման հետ, որը նկատվեց նաև Իրանում: Ունենք երկու հայտարարություն. առաջինը՝ Իսլամական պետության զինվորները հարձակվել են Իմամ Խոմեյնիի դամբարանի և պառլամենտի վրա, երկրորդը՝ մահապարտ ահաբեկիչների երկու պայթյուն է եղել հենց Խոմեյնիի դամբարանում:
Այս երկու իրողությունների հետ կապված պատասխանատվություն է ստանձնել Իսլամական պետությունը: Այս պահին զոհերի թիվը կարծեք թե 8-ն է, սակայն գործողությունները դեռևս շարունակվում են և պարզ չէ, թե ինչ ընթացք կունենան:
Ի՞նչ եք կարծում, ԻԼԻՊ-ի հարվածն ինքնաբո՞ւխ էր, թե՞ կապ ունի արևմտյան որոշակի կենտրոնների քաղաքականության հետ:
- Այս պահին դժվար է կանխատեսումներ անել: Հաշվի առնելով իրողությունը և տարածված հայտարարությունը, հակված եմ մտածելու, որ հենց Իսլամական պետությունն է ահաբեկչության հեղինակը: Հիշենք, որ գրեթե մեկ ամիս առաջ, Իսլամական պետությունը կես ժամանոց տեսահոլովակ տարածեց, որտեղ կոչ էր անում Իրանում և Պարսկաստանում ահաբեկչություն իրականացնելու մասին՝ թիրախավորելով շիաներին: Այսպես ասած՝ պատերազմ էր հայտարարում:
Այժմ, նրանք կարծես փորձ են անում ակտիվանալ Իրանում: Իսկ մենք մեր հարևան Իրանում նման բան չէինք տեսել:
Ի՞նչ ուղերձ էր Իրանին:
- Ուղերձը հստակ է՝ Իրանը նույնպես գտնվում է իսլամական ծայրահեղ արմատականների թիրախում: Ոչ մի երկիր տարածաշրջանում ապահովագրված չէ այդ սպառնալիքից: Իսկ Իսլամական պետության կողմից այս ուղերձն այն է, որ Իրանը միշտ եղել է Իսլամական պետության թիրախում, նկատի ունեմ տարիներ առաջ, երբ կառույցն այդպես չէր կոչվում, բայց միշտ իր թիրախում ունեցել է շիաներին և այդ գիծը շարունակում են:
Որքանո՞վ կարող է Իրանի ապակայունացումը ազդել Հայաստանի վրա:
- Իրանն այն երկիրն է, որի համար իրավիճակը հաղթահարելի է: Այն ավանդույթներով երկիր է, միշտ աչքի է ընկել կայունությամբ: Չեմ կարծում, որ նման ահաբեկչությունները ապակայունացում կառաջացնեն Իրանում, և դա էլ չեմ կարծում, որ կազդի տարածաշրջանի, առավել ևս՝ Հայաստանի վրա:
Ի՞նչ զուգահեռներ կարելի է տանել այսօր Իրանում տեղի ունեցած իրադարձությունների և Հայաստանում 1999թ. հոկտեմբերի 27-ի միջև:
- Համեմատություն չեմ կարող անել, ընդհանրապես կապ չունի: Այստեղ ակնհայտ է, որ իսլամը ծայրահեղ արմատական կառույց է իր հստակ ուրվագծված տեսլականով, մեթոդաբանությամբ, անհանգստացնում է և՛ տարածաշրջանին, և՛ դրանից դուրս: Այնպես որ՝ զուգահեռներ տանելն անիմաստ է: