Մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիներին չվճարված պարտքերի պատմությունը դարձել է մի անվերջանալի ոդիսական:
Այսօրվա դրությամբ պարտքերի գումարը կազմում է 187 մլն դրամ: 187 մլն դրամից մոտ 80 մլն-ը 2015թ. պարտք է, իսկ մնացածը գոյացել է 2016 թվականին։ Պարտքեր ունեն «Վինար» ընկերությունը, «Areni Wine» ընկերությունը, «Հայասի գրուփը», «Բորոդինո» գործարանը, Երասխի գինու գործարանը, «Տարինկո» գործարանը, «Վան 777» ընկերությունը, Արարատի պահածոների գործարանը և «Եվրոթերմ» ընկերությունը։ Գյուղացիներին, մասնավորապես, մտահոգում է բանկերին ունեցած պարտքերը, որոնց վճարումները չեն կարողանում կատարել, ինչի հետեւանքով «սեւ ցուցակներ» են ընկնում ու համարվում անպարտաճանաչ հաճախորդ՝ քիչ չէ, մի հատ էլ իրենց երաշխավոր կանգնած անձանց «քաշում»: Իսկ վերցրած վարկերի դիմաց, ինչպես խաղողագործներն են նշում, մարդիկ տուն-տեղ են գրավադրել:
Եվ ահա այս տխուր իրադրության ֆոնին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն հայտարարում է. «Ամենօրյա աշխատանք են տանում վերամշակողների հետ, որպեսզի կարողանան առաջիկա շաբաթների ընթացքում մարել այս պարտքերը։ Մենք իրենց հետ ենք բանակցում, որպեսզի պայմանագրային ժամկետներից շուտ գյուղացիների պարտքերը մարեն և վերադարձնեն գումարները»: Պարզվում է, 2015 թվականի պարտքը 2017-ի ամռանը վճարելը արդեն համարվում է ժամկետից շուտ: Իրականում, ինչպես միշտ հարցի լուծումը կառավարությունը փորձում է թողնել գյուղացիների վրա՝ պնդելով, թե գյուղացին պետք է պահանջատեր լինի, պայմանագիր կնքի և պայմանագրով աշխատի վերամշակողի հետ: «Արդարության պակասը միշտ ընկալվում է որպես խնդրահարույց»,- օրերս հայտարարեց վարչապետը: Նույն կերպ կառավարության՝ գյուղում արած քայլերն են այլևս ընկալվում որպես խնդրահարույց: