«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում լրագրողի հարցին՝ կապված 2018-ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանի վարչապետության հեռանկարի հետ, Գալուստ Սահակյանը պատասխանել է իրեն հատուկ ոճով. «Որպեսզի պետությունը զարգանա, Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարմանը»:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս օրերին «բեմականացմամբ» զբաղված է հենց Սերժ Սարգսյանը՝ մի կողմից քողարկելով իր ու Կարեն Կարապետյանի հակասությունները, մյուս կողմից՝ չսանձելով իր շրջապատի հակավարչապետական հարցազրույցները: Սակայն Գալուստ Սահակյանի այս պատասխանը առավելապես ցուցադրում է այն անորոշությունը, որն այս օրերին առկա է իշխող կուսակցությունում: Այնպիսի տպավորություն է, որ նախագահը իր ապագա ծրագրերով չի կիսվում իշխող քաղաքական ուժի անգամ բարձր էշելոնների հետ: Այդ իսկ պատճառով՝ չիմանալ, թե ինչպիսի խաղաքարտեր կան գործող նախագահի ձեռքում և ինչպիսի կոմբինացիաներ է նա պատրաստվում խաղարկել, հանրապետականներն էլ ավելորդ ռիսկերից խուսափելու և վատամարդ դուրս չգալու նպատակով՝ ամեն դեպքում փորձում են իրենց հայտարարություններում ֆիքսել գործող նախագահի անփոխարինելիությունը և կարևոր դեր՝ երկրի զարգացման գործում:

Այս սինդրոմը  նկատվել է ոչ միայն Գալուստ Սահակյանի , այլև մյուս կարկառուն հանրապետականների մոտ: Մասնավորապես՝ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների համար ՀՀԿ-ն է որոշելու, թե ով պետք է լինի երկրի վարչապետ: Շարմազանովն ասել է, որ 2018թ.-ի վարչապետ կլինի նա, ում ՀՀԿ-ն կհամարի երկրի առջև ծառացած խնդիրները լավագույնս լուծողը: Առաջին անգամ է, որ ՀՀԿ խոսնակը չի խոսում այն մասին, որ իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Սա արդեն խոսուն փաստ է: Շարմազանովն ասում է, որ վարչապետ կլինի այն մարդը, ով երկրի առջև ծառացած խնդիրները լավագույնս կլուծի: Այս խոսքերից պետք է եզրակացնել, որ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարում է Սերժ Սարգսյանի թեկնածության մասին, քանի որ ՀՀԿ-ի համար երկրի առաջ ծառացած խնդիրների լավագույն լուծողը Սերժ Սարգսյանն է:

Հանրապետականները, ինչ խոսք, ցայտնոտի մեջ հայտնվելու պատճառներ ունեն:

Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս հայտարարել էր, որ դրանք կյանքի կոչվելու դեպքում ինքը վարչապետ դառնալ չի ցանկանում: Կ. Կարապետյանը հոգու խորքում հավանաբար հույս ունի, որ Ս. Սարգսյանը կպահպանի իր այդ խոստումը, թեպետ վերջինս պարբերաբար ինտրիգ է մտցնում այդ հարցում: Նախ հայտարարում է, որ իր վարչապետ լինելու հարցին կարող է պատասխանել խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ մարտի 25-ին Արցախ կատարած այցի ժամանակ էլ, անդրադառնալով իր ապագային, հայտարարել էր, թե դեռ չգիտի՝ որտեղ է լինելու, բայց ինչ-որ կարգավիճակում «իր դերը կունենա մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում»։ Այդպիսով, նա նորից սրում է ինտրիգը՝ ակնարկելով, որ չի պատրաստվում հեռանալ իշխանությունից: Իսկ անվտանգության ապահովման հարցում դեր կարող է ունենալ թե՛ վարչապետի, թե՛ պաշտպանության նախարարի պաշտոնում: Մնում է՝ այդ հարցը ինքը որոշի: Չէ՞ որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իր ղեկավարած ՀՀԿ-ն ԱԺ-ում նորից մեծամասնություն ստացավ: Եվ այս պայմաններում Կ. Կարապետյանը կարող է խաղից դուրս մնալ: Ու քանի դեռ հստակ չէ, թե ով է հայտնվելու խաղից դուրս վիճակում՝ հանրապետականները առաջնորդվում են «նավսյակի շեֆի աչքը մտնենք» սկզբունքով:

Ստելլա Խաչատրյան