Կոռուպցիայի դեմ պայքարող ցանկացած մարմնի գործունեության սկզբունքներ պետք է ամրագրվեն օրինականությունը, անկողմնակալությունը և անկախությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու Ազգային ժողովի որոշմանը: «Ես այդ հանձնաժողովը ձևավորելու օրենսդրական փաթեթին կողմ եմ քվեարկել, սակայն շարունակում եմ պնդել, որ այդպիսի լուրջ գործառույթներ իրականացնող ցանկացած մարմնի համար որպես գործունեության սկզբունք պետք է ամրագրվեն օրինականությունը, անկողմնակալությունն ու անկախությունը: Օրենսդրական փաթեթում մենք այս սկզբունքների ամրագրումը չտեսանք»,- ասաց Պետրոսյանը:
Հարցին, թե տեսնո՞ւմ է, արդյոք, իշխանությունների մեջ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի համար, պատգամավորը պատասխանեց, որ որևէ ուժի չի մոտենում կանխավարկածի տեսակետից: «Միանգամայն հնարավոր է, որ իշխանությունը ներկայացնի ժողովրդի շահերից բխող նախագիծ»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են «Ելք» դաշինքի հետ ընդհանուր հայտարարի գալու հանձնաժողովի մրցութային մարմնում մեկ ընդդիմադիր ներկայացուցիչ ունենալու հարցում, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Դրանք ապագայի հարցեր են, խնդրում եմ՝ մի քիչ համբերատար եղեք, հրապարակային կլինի, կտեղեկացվեք»:
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսդրական փաթեթին միաձայն կողմ են քվեարկել 92 պատգամավոր: