Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնը: Այդ մոլը Երևանի ամենամեծ մոլն է իր չափսերով, ընթակառուցվածքներով և նախատեսված գործառույթներով:
Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանն ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին: Արթուր Պետրոսյանը Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 139-րդ համարը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Սաֆարյան 14 հասցեում գրանցված հողակտորի սեփականատիրոջ և (կամ) սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող ենք դիմել անշարժ գույքի հաշվառող լիազոր մարմին` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: «Նոր Նորքի նախկին շուկան չի հանդիսացել Երևան համայնքի սեփականություն: Հաշվի առնելով, որ նախկին շուկան չի հանդիսացել Երևան համայնքի սեփականություն, դրա վաճառքի գումարի վերաբերյալ տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանում առկա չէ»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:
Թեեւ, շուկան չի պատկանել Երևան համայնքին, բայց դրա հարակից տարածքները համայնքի սեփականությունն են եղել, և երկար չարչարվել պետք չեղավ, որպեսզի պարզենք, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինչպես է միանձնյա որոշում կայացրել այդ տարածքները մաս-մաս «Էյ Ընդ Փի Գրուպ»-ին վաճառելու մասին:
2014 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ
` Տարոն Մարգարյանը լիազորել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին «Էյ Ընդ Փի Գրուպ»-ի հետ համաձայնագիր կնքել` շուկային հարող տարածքներից մեկը վաճառելու վերաբերյալ՝ նշված ընկերության տարածքի ընդլայնման նպատակով: Հատկանշական է, որ վաճառված 66 քառակուսի մետր տարածքը գնահատվել է կադաստրային արժեքով՝ ընդամենը 459 հազար դրամով:
2014 թվականի հուլիսի 18-ին էլ Տարոն Մարգարյանը որոշել է Գայի պողոտայի 14/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կրպակի զբաղեցրած՝ 7.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 50 հազար 112 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ armtimes.com-ում