Սերժ Սարգսյանը հունիսի 9-10-ը եղավ Աստանայում, որտեղ մասնակցեց նորարար էներգետիկային եւ կանաչ տեխնոլոգիաներին նվիրված էքսպո ցուցահանդեսին:

Բայց, Սերժ Սարգսյանը չմասնակցեց նույն օրերին Աստանայում անցկացված Շանհայան գործակցության կազմակերպության վեհաժողովին: Հայաստանը 2016 թվականից հանդիսանում է ՇԳԿ երկխոսության գործընկեր: Սերժ Սարգսյանը 2015 թվականին ներկա է եղել ՇԳԿ վեհաժողովներին: Այս անգամ, գտնվելով Աստանայում, նա չմասնակցեց վեհաժողովին եւ չունեցավ նաեւ այնտեղ գտնվող նախագահների հետ երկկողմ հանդիպում: Համենայն դեպս, չի եղել այդ մասին պաշտոնական տեղեկատվություն: Ի դեպ՝ նշենք, որ Սերժ Սարգսյանը բաց թողեց նաեւ Չինաստանում Մետաքսի ճանապարհի վերաբերյալ մեծ համաժողովը, որը տեղի ունեցավ մայիսի վերջին եւ որին ներկա էր մոտ երեք տասնյակ պետության առաջնորդ, այդ թվում՝ ԵՏՄ բոլոր պետությունների ղեկավարները, Սարգսյանից բացի: Տրամաբանական հիշեցում՝ ուղղված մեր իշխանություններին. տվյալ միջոցառումները ներդրումներ ներգրավելու պոտենցիալ հարթակներ են, դա է պատճառը որ պետությունների ղեկավարները շահագրգռված են իրենց մասնակցությունն ունենալ նմանատիպ միջոցառումներին: Նույնը չես ասի մեր մասին: Կառավարությունը և նախագահը վստահեցնում են, որ ներդրումների հոսքը երկիր՝ արդեն իսկ սկսվել է, որ տնտեսությունը բռնել է զարգացման ուղին, սակայն իրականում՝ թե՛ ներքին, և թե՛ արտաքին փորձագիտական եզրակացությունները և վիճակագրական տվյալները խոսում են հակառակի մասին:

Ստացվում է, որ իշխանությունները ժողովրդին հույսով են անում, ասում ՝ սպասեք, ուր որ է՝ ներդրումները գալիս են, տնտեսությունը վերակենդանանում է, իսկ գործնականում՝ երես չունեն մասնակցելու այն միջոցառումներին, որոնք կարող էին ապահովել այդքան բաղձալի ներդրումները: Իսկ թե ինչու երես չունեն՝ ակնհայտ է: Մենք նրանց առաջարկելու որևէ բան չունենք, բացի մենաշնորհների մեջ խեղդվող տնտեսությունից, որը, ինչ խոսք՝ մեղմ ասած՝ գրավիչ չէ ներդրողների համար: Նմանատիպ ֆորումներին մեր չմասնակցելն ընդամենը լակմուսի թուղթ է, որը մատնում է մեր տնտեսության աղետալի վիճակը, այն, որ ներդրումների մասին խոսակցություններն ընդամենը հերթական ժամավաճառությունն են, իսկ իրականում մեր սահմաններից դուրս մենք քաղաքական և տնտեսական հետնապահներ ենք: Այդ պայմաններում Հայաստանը գնա Պեկին, որ ի՞նչ անի: Թեեւ պարզ չէ նաեւ, թե Սերժ Սարգսյանը Քաթար գնացել էր, որ ի՞նչ անի… Ի՞նչ Պեկինի կամ ՇԳԿ վեհաժողովի մասին է խոսքը, եթե Հայաստանը հայտարարել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության մասին, բայց այդ շինարարությունն ընթանում է կրիայի արագությամբ եւ երեք տարվա ընթացքումն կառուցված է ճանապարհի հազիվ 10%-ը, այն էլ՝ ոչ ամբողջությամբ:

Մեր քաղաքական պասիվության և առաջարկելու պիտանի որևէ բան չունենալու արդյունքում էլ կարծես թե վերջնականապես դուրս մնացինք Մետաքի ճանապարհի նախագծից: Մինչդեռ դա, ներդրումներից զատ՝ կարող էր լուծել մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր՝ շրջափակումից դուրս գալու խնդիրը: Ահավասիկ, հերթական անգամ ականատեսն ենք դառնում, որ Հայաստանը որեւէ կերպ չի կարողանում ներգրավվել տարածաշրջանային որեւէ ծրագրում և հերթական անգամ շրջանցվում ու շրջափակվում է:

Ստելլա Խաչատրյան