Շառլ Ազնավուրն օրերս հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում պատմել է հայաստանյան իր այցի և ծրագրերի մասին: Շանսոնյեն խոսել է նաև այն մասին, որ իր Pour toi Arménie երգը կարող է դառնալ Հայաստանի նոր օրհներգը և նա իր այդ ցանկության մասին հայտնել է Սերժ Սարգսյանին, ով իր ցանկությունը հավանության է արժանացրել:
Հայաստանի օրհներգի փոփոխման մասին լուրերն արդեն տևական ժամանակ է՝ շրջանառվում են մեդիադաշտում, որի վերջակետը կամ նոր քննաադատությունների մեկնարկը տվեց Շառլ Ազնավուրը:
ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է ԳԱԱ ակադեմիկոս Համլետ Գևորգյանի՝ «Հասարակական երևույթների մշակութային-խորհրդանիշային տեսանկյունը» վերտառությամբ հոդվածը, որում նա անդրադառնում է ՀՀ պետական օրհներգի շուրջ ծավալված բանավեճերին` համեմատության մեջ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերի միջև:
«Ֆրանսիայի պատմության բոլոր կարևոր իրադարձություններն ուղեկցվել են «Հռենոսյան բանակի ռազմերթի երգով: Ու երբ միապետությունը Ֆրանսիայում տապալվեց, և հռչակվեց այդ երկիրը որպես Հանրապետություն, այս երգը դարձավ Ֆրանսիայի հիմնը՝ ստանալով «Մարսելյեզ» անվանումը: Այն ռազմերթի երգ է, որը ստեղծվեց այն ժամանակ, երբ ֆրանսիան պայքարում էր միապետական Ավստրիայի դեմ: Այս երգը լայն ճանաչում ձեռք բերեց և 1795 թվականից հռչակվեց Ֆրանսիայի Հանրապետության հիմնը, հետագայում պահպանվելով որպես հիմն՝ նաև Ֆրանսիայի 2-րդ և 3-րդ Հանապետությունների համար: Ֆրանսիական պոեզիայի և երաժշտության ներկայացուցիչներից որևէ մեկի մտքով չանցավ և չէր կարող անցնել «Մարսելյեզին» այլընտրանք առաջարկելը: Եվ այն օրը, երբ Ֆրանսիական ժողովուրդը կհրաժարվի «Մարսելյեզից», նա կդադարի պատմական ժողովուրդ լինելուց և կհրաժարվի իր ազգային ինքնագիտակցությունից»,-ասված է հոդվածում:
Ֆրանսիայի հիմնին զուգահեռ՝ ակադեմիկոսը ներկայացնում է Հայաստանի հիմնը՝ նշելով, որ «Մեր հայրենիքը» ազգային պատմական հիշողության մեջ ազատագրված հայրենիքի ազգային օրհներգ է, որն ազդարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքական ռեժիմի փոփոխությունը:
««Մեր հայրենիքը» կամավորական շարժման և կամավորական խմբերի ու զորամիավորումների մարտական երգն է, դա Հայաստանի անկախության հաստատման ճանապարհը հարթած հերոսամարտի անբաժան ուղեկիցն է»,-նշում է ակադեմիկոսը:
Ըստ Համլետ Գևորգյանի՝ ժամանակին հայ մտավորականներից որևէ մեկի մտքով չէր անցնում «Մեր հայրենիքին» այլընտրանք առաջարկել, քանի որ մտավորականության այն սերունդն էր, որի ինքնության գիտակցությունը պատմական էր և հայ ժողովրդի մեջ արթնացրել էր պատմական ժողովուրդ լինելու և պետական ազգ լինելու գիտակցումը:
«Մեր Հայրենիքը» ընկալվում է ոչ միայն որպես պետական հիմն, այլ ընկալվում է որպես Ազգային օրհներգ»,-գրում է Համլետ Գևորգյանն՝ ընդգծելով, որ այս երգի հնչյունների ներքո է ձևավորվել հայոց պետականությունը, այս երգի հնչյուններն են հայորդիներին առաջ մղել դեպի հաղթական պատերազմ, հետևաբար, չի կարելի հրաժարվել այդ պատմական հիշողությունից:
«Ժողովրդի ազգային ինքնության էական հատկանիշը նրա պատմական հիշողությունն է, որը եղել և մնում է հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության էական բաղադրիչը»,-գրում է ակադեմիկոսը՝ գիտականորեն հիմնավորելով, թե ինչու է անընդունելի Հայաստանի հիմնի փոփոխությունը:
ՀԳ. Ցանկացած պետության խորհրդանիշ՝ սիմվոլիկա, այդ ժողովրդի հիշողության մեջ արմատացած պատմական դեպքերի, իրադարձությունների, ժողովրդի ապրածի և զգացածի արդյունքն ու արտացոլանքն է, հետևաբար, անթույլատրելի է վերցնել, օրինակ, Շեքսպիրի կամ Արիստոտելի ստեղծած սիմվոլիկան, եթե այն ազգիդ անցած ուղու հետ որևէ աղերս չունի: Եթե չկա պատմական հիշողություն, ուրիշից վերցրած խորհրդանիշն ընդամենը կկրի ձևական բնույթ՝ առանց ներքին խոր բովանդակության:
Աղավնի Սուքիասյան