Կառավարությունը մոտ մեկ ամիս է՝ կասեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ քվոտավորման պարտադիր պահանջը: Նշենք, որ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով՝ 2016 թվականի հունվարի 1-ից պետական կազմակերպությունների համար, իսկ 2017թ. հունվարի 1-ից՝ ոչ պետական կազմակերպությունների համար սահմանված էր քվոտայի պահանջը:

Ըստ այդմ՝ այն պետական հաստատությունները, որոնց աշխատողների տարեկան թիվը 100-ից ավելի է, 3 տոկոսի չափով պետք է քվոտա ունենային հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու համար, իսկ մասնավորների մոտ՝ դա 1 տոկոս էր կազմելու: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում էլ կարծես խելքին ավելի մոտ պատճառաբանություն չեն կարողացել գտնել (կրեատիվի պակասը սույն գերատեսչության համար նորություն չէ), և ոչ ավել ոչ պակաս՝ հայտարարել են՝ պատճառն այն էր, որ այս համակարգի ներդրումը ուղեկցվել է բազմաթիվ խնդիրներով, որոնք նախքան համակարգի ներդրումը չեն լուծվել: Արի ու մի զարմացիր հայրենի կառավարության և մասնավորապես սոցապ նախարարության հերթական, արդեն զավեշտի հասնող ոչ պրոֆեսիոնալ մոտեցման վրա:

Այսինքն, կառավարությունը փոխանակ լուծի այդ խնդիրները, որոշել է ուղղակի կասեցնել քվոտավորման պահանջը: Հասկացել են, որ իրենց խելքի բանը չէ և որոշել են մի կողմ դնել նախագիծը, որը ոլորտի համար անկյունաքարային նշանակություն ունի: Հետաքրքիր է՝ քանի՞ նման նախագծեր են Սոցապ նախարարությունում ծալել և դարակը դրել՝ սեփական մտքի կարողությունները չափից դուրս բարձր գնահատելու հետևանքով: Նախարարությունից հույսով են անում, որ կասեցման ժամկետը մինչև 2018 թվականի հուլիսի մեկն է, իսկ մինչև այս տարվա դեկտեմբերի մեկը նախարարությունը պետք է կառավարության հաստատմանը ներկայացնի այս մասին նոր նախագիծ: Հուսանք՝ նոր նախագծում չեն լինի խնդիրներ, որոնց լուծումը կրկին տիտանական ջանքեր կպահանջի, քանի որ մտքին զոռ տալը և սեփական պարտականությունները պատշաճ կերպով կատարելը կարծես թե այս գերատեսչության համար չէ:

 

Ստելլա Խաչատրյան