«Ալաշկերտի» հագեցած ուսումնամարզական հավաքը Մինսկում շարունակվում է:
«Ալաշկերտի» մարզմանը հետևում էին նաև մի քանի պատանի բելառուս ֆուտբոլիստներ, որոնց հետ կարճ զրույցը բավականին ուշագրավ ստացվեց: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի կայքը:
-Սա ի՞նչ թիմ է,- հարցրեց երեխաներից մեկը:
-Հայաստանի չեմպիոնն է,- հետևեց մեր հպարտ պատասխանը:
-Իսկ հավաքականի ֆուտբոլիստներ կա՞ն,- շարունակում էին հետաքրքրվել «Մինսկի» ակադեմիայի խաղացողները:
-Իհարկե, 4 հոգի,- կրկին հպարտությամբ լի ձայնով պատասխանեցինք մենք:
-Հիանալի է, իսկ նրանք Մխիթարյանին ճանաչու՞մ են:
-Այո, իհարկե, նրանք Հենրիխի ընկերներն են:
-Օ՜, ես ուղղակի երազում եմ ծանոթանալ Մխիթարյանի հետ: Նույնիսկ պատրաստ եմ փոխել քաղաքացիությունս, որպեսզի դառնամ Հենրիխի ազգակիցը,- թախիծով նշեց երեխաներից մեկը և հաջողություն մաղթելով «Ալաշկերտին», հասավ իր խաղընկերներին: