Այսօր Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ովքեր հունիսի 10-ին այցելել էին Հայաստան, այնուհետև մեկնել էին Արցախ:
Համանախագահների՝ Ալիևի հետ հանդիպումից հետո Ալիևի օգնական Ալի Հասանովը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը, նշել էր. «Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, և այն հասցվել է համանախագահներին, ՄԱԿ ԱԽ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային հանրությանը: Իսկ դիրքորոշումը հետևյալն է. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի և Ադրբեջանը ոչ մի թիզ հող չի զիջի որևէ մեկին»:
Համանախագահների ադրբեջանական այցի և Հասանովի այս հայտարարության առնչությամբ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ համանախագահների այսօրվա այցը տարբերվում է նախորդներից նրանով, որ սա առաջինն է իրենց իսկ կողմից արված հասցեական հայտարարությունից հետո, հետևաբար, ունի շատ կարևոր նշանակություն:
«Մենք ակնկալում ենք նրանց կողմից կոշտ դիրքորոշումներ և հասցեական հայտարարություններ: Ադրբեջանի այս ահաբեկչական քայլերը պետք է դառնան քննարկման առարկա, այլապես՝ ագրեսորը կշարունակի անարգել և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահգահների աշխատանքը, և՛ շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման պահանջը, և՛ միջազգային նորմերը»:
Խոսելով ադրբեջանցի պաշտոնյայի՝ վերը նշված հայտարարության մասին, Դավիթ Բաբայանը նշեց, որ եթե Ադրբեջանը շահագրգռված է իր ներկայիս ամբողջականությունը պահպանելու հարցում, պետք է խստորեն հետևի զինադադարի պահպանման ռեժիմին. «Եթե Բաքուն չի ուզում կորցնել այն, ինչ այսօր ունի, թող հետևի զինադադարի պահպանման ռեժիմին, հակառակ դեպքում՝ կկորցնի այն, ինչ ունի»:
Դավիթ Բաբայանը նաև հավելեց, որ Ադրբեջանը, որն ահաբեկչական պետություն է, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը միշտ թեժ է պահում և ցանկացած պահի այդ խնդրի առաջ կարող ենք կանգնել, սակայն հայկական կողմն անում է ամեն բան՝ պատերազմի հավանականությունը կասեցնելու համար. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե իրենք դիմեն արկածախնդրության, ստանալու են այնպիսի պատասխան, որ բոլոր հարցերը վերջնականապես կարգավորվեն: Եթե պատերազմ սկսեն, ամեն ինչ կավարտվի Բաքվում՝ կապիտուլյացիայի ստորագրումով»,-նշեց նա:
«Պատերազմի վերսկսումը կվերաճի 3-րդ համաշխարհային պատերազմի, այդ պատերազմում կներգրավվեն Թուրքիայն, Իրանը, Ռուսաստանը: Սադիստը երբեք կամովին չի ապաշխարհում, նա ապաշխարհում է միայն պարտադրանքով, դրա համար՝ եթե հանկարծ որևէ քայլի դիմի, կստանա այն, ինչի արժանի է»,-խոսքը եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Աղաղվնի Սուքիասյան