Զարմանալի են մեր պաշտոնյաները. նրանցից ոմանք անգամ այս ամառային տապին հաջողացնում են այնպիսի հայտարարություններ անել, որ հասարակության համար պարզապես սառը ցնցուղ են դառնում, (ավելի ճիշտ հասարակության այն հատվածի համար, ով մեր հայրենի պաշտոնյաների ասածները դեռ բանի տեղ է ընդունում):

Վերջերս էլ զարմացրեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, վերջինս ոչ ավել և ոչ պակաս հայտարարել է, որ մեր արտադրանքը ներմուծվող որոշ ապրանքների համեմատ մրցակցային չէ: Ցանկացած մթերքի համար կարող ենք լինել ավելի արդյունավետ: Պարզապես պետք է հասկանալ, թե որոնք են մեր թույլ կողմերը:

Պարզվում է Իգնատի Առաքելյանը նոր է պատրաստվում մի լավ տնտղել ու պարզել, թե որոնք են իր ղեկավարած ոլորտի թույլ կողմերը: Մինչդեռ մենք էլ հույս ունեինք, որ նախարարությունն արդեն դրանք վերացնելու քայլեր է ձեռնարկում: Բայց արի ու տես նոր են պատրաստվում է իրենց համար բացահայտել այն, ինչի մասին անգամ շատ գյուղաբնակ մարդիկ կարող են դասախոսություն կարդալ: Եթե Իգնատի Առաքելյանը իրապես չի իմանում, թե որն է պատճառը, որ մեր գյուղմթերքը մեղմ ասած բանի պետք չէ, ուրեմն նա Մարսից է: Ընդ որում իր այս ՝ մանկան անմեղությամբ արված հայտարարությամբ Իգնատի Առաքելյանը կրակն է գցում ոչ միայն իր գերատեսչությանը, այլ նաև իր անմիջական ղեկավարին, ով առիթը բաց չի թողնում շեշտելու՝ մենք պետք է խթանենք արտահանումը, դա գերակա ուղղություն պետք է լինի: Դե արի ու խթանի, երբ ոլորտի պատասխանատուն, (ով ի դեպ երեկ չէ, որ ստանձնել է պաշտոնը) դեռ տվայտանքների ու վերլուծությունների մեջ է, մարդը տեղյակ չէ, ինչու է ոլորտը գահավիժում անդունդը: Դե իհարկե մեր հասարակությունը չափից դուրս համբերատար է, մենք պատրաստ ենք Իգնատի Առաքելյանին էլի ժամանակ տրամադրել, ասենք ՝ մի 5 տարի, որպեսզի նա ի վերջո հասկանա թերությունները որոնք էին, մի 5 տարի էլ դրանք շտկելու համար: Ա'յ դրանից հետո արտահանումն էլ կխթանենք, ոլորտն էլ կզարգացնենք, եթե, իհարկե, արտահանելու ու խթանելու բան մնա….

Ստելլա Խաչատրյան