Գվինեայից Հայաստան տեղափոխված Լամարանա Բահն այստեղ ընտանիք է կազմել և արդեն 3-ամյա որդի ունի։ Արդեն 7 տարի է ինչ Լամարանան Հայաստանում բնակություն է հաստատել, նա եկել է բարության և ապահովության հետևից։

«2011 թվականից եկել եմ Հայաստան և մինչև հիմա այստեղ եմ ապրում։ Մի մարդ էի ճանաչում ես, ով ինձ ասաց, որ Հայաստանը հանգիստ երկիր է, հայերը շատ բարի մարդիկ են և կարող եմ գալ ու ապրել այստեղ։ Ես Գվինեայում ուրիշ խնդիրներ ունեի, այդ պատճառով եմ տեղափոխվել, վերադառնալ չեմ կարող։ Ինձ այստեղ շատ լավ եմ զգում՝ ինչպես իմ հայրենիքում»,- ասաց նա։

Այն հայը, ով օգնել էր Լամարանային տեղափոխվել Հայաստան, որդեգրել էր նրան, ինչից հետո էլ նրան բախտը ժպտաց երկրորդ անգամ՝ հանդիպեց գվինեացի մի տղամարդու և ամուսնացավ։ «Ամուսինս մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց այստեղ DJ է աշխատում, ես էլ բժշկական կրթություն ունեմ։ Հիմա մենք ունենք որդի, ով արդեն երեք տարեկան է»,- նշեց գվինեացի կինը։

Ամուսնու հետ ծանոթության մասին պատմելով՝ Լամարանան ասում էր, որ այն ժամանակ կազմակերպվում էին երեկույթներ հատուկ սևամորթների համար։ Հենց այդպիսի միջոցառումներից մեկի ժամանակ էլ ծանոթացել է իր ամուսնու հետ։ Իրենց աշխատելու վերաբերյալ Լամարանան նկատեց, որ պետք է հայերեն գրել-կարդալ իմանան, ինչն էլ խոչընդոտ է իրենց համար, այդ պատճառով մասնագիտությամբ դեռ չեն կարող աշխատել։ Նա այժմ մի քանի հաճախորդ ունի, աֆրիկյան հյուսքեր է անում։

«Ես խոսում եմ հայերեն, բայց ամուսինս շատ քիչ, մեր որդուն էլ եմ սովորեցնում հայերեն։ Տղաս նոր է մանկապարտեզ գնում, իր հասակակակիցների հետ է խաղում, ինքը ավելի հայ է, քան մենք»,- կատակեց Լամարանան։ Նրա որդին՝ Էվինը անընդհատ կրկնում էր Հայաստան բառը։ «Ես մանկապարտեզում խաղում եմ, ավտոներ եմ շատ սիրում»,- ասաց փոքրիկ Էվինը։