Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կառավարության ծրագիրը: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր խոսքում նշեց, որ Կառավարությունը քաջատեղյակ է այն սպասումներին, որն ունի հասարակությունը Կառավարությունից, ուստի Կառավարության այս ծրագիրը կառուցված է այդ խնդիրների և սպասումների լուծմանը միտված քայլերի հիման վրա:
Ունենք ներքին խնդիրներ և մենք հստակ պատկերացնում ենք դրանք և Կառավարության այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է: Ուզում եմ ռեալիստ լինենք. սա հեշտ ճանապարհ չի լինելու և մենք կհաջողենք, եթե անմնացորդ նվիրենք մեր գործին,-ասաց վարչապետը՝ նշելով, որ սա կյանքի որակ փոխող ծրագիր է:
Այլ ճանապարհ չունենք, քան պոպուլիզմից հրաժարվելը,-նշեց վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ միայն քննադատությամբ հարցեր լուծել հնարավոր չէ:
Կառավարության ամբողջական ծրագիրը կազմում է 125 էջ, որի հիմքում դրված է արդար, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլականը,-ասաց վարչապետը՝ հատուկ շեշտադրելով ազատ Հայաաստան և ազատ Արցախ ունենալու հարցում ճկուն դիվանագիտության անհրաժեշտությունը:
Մեր ապագան կառուցելու համար պետք է ունենանք զարգացած տնտեսություն: Առաջիկա հինգ տարիների ընթացքում տնտեսական քաղաքականությունը հիմնված կլինի հենց այս նպատակին,-ընդգծեց վարչապետը՝ հատուկ շեշտելով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը: