Կառավարության 2017-2022թթ. ծրագիրը «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների բուռն վիճաբանությունից հետո դրվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ և 29 դեմ ձայներով: Սակայն սա խորհրդարանական մեծամասնության մեխանիկական աջակցությունն էր Կարեն Կարապետյանի կառավարությանը, որը չի սրբագրում քաղաքական այն իրականությունը, որը երեկ վերջնականապես բացահայտեց Կարեն Կարապետյանի դիրքերի թուլությունը:

Ըստ էության՝ երեկ և այսօր խորհրդարանական ընդդիմությունը և հատկապես՝ ԵԼՔ-ը սադրանքի են ենթարկել Կարեն Կարապետյանին՝ նրան ծրագրային դաշտից մղելով ինտրիգի դաշտ: Վարչապետական գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բավականին փորձառություն է ձեռք բերել, աշխատում է զսպել էմոցիաները, երբեմնի դրայվոտ հայտարարություններից փորձում է խուսափել, որպեսզի չհայտնվի քննադատությունների թիրախում: Բայց Կարեն Կարապետյանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ժամանակավոր ֆիգուրի կարգավիճակից: Այս պիտակը չարագուշակ ուրվականի նման՝ ամենուր հետապնդում է նրան. եթե նրա ժամկետը մինչև 2018 թվականն է, ապա հաստատվող ծրագիրը դառնում է ձևական փաստաթուղթ, իսկ Կարեն Կարապետյանի գերագույն առաքելությունը՝ Սերժ Սարգսյանի հետագա իշխանության ամրապնդումը: Ըստ էության՝ Կարեն Կարապետյանի համար, որպես հիմնական միսիա և քաղաքական ճակատագիր՝ այլընտրանք չի մնում, քան հարմարվել Սերժ Սարգսյանի տեղապահը լինելու կարգավիճակին: Իսկ թե ում է այս իրավիճակը ձեռնտու, ով է ինտրիգի շահառուն, քննարկման այլ խնդիր է:

Նախագահ Սերժ Սարգսյանի համար թիվ մեկ խնդիրը այս պահին Կարեն Կարապետյանից ձերբազատվելն է, քանի որ վերջինս ամբողջությամբ կատարել է իր վրա դրված պարտականությունները, այն է՝ օգնել է ՀՀԿ-ին մեկ անգամ ևս վերարտադրվել, և այժմ վարչապետի դրայվի, առավել ևս՝ ժպիտների կարիքը, չի զգացվում: Սակայն, եթե Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հեռացման օպերացիան իրագործի հանրապետականների ձեռքով, դա կարող է ոչ միանշանակ դիտվել դաշնակից Ռուսաստանի կողմից, հետևաբար, Սարգսյանին հարկավոր է այնպիսի պլան մշակել, որի արդյունքում «և գառները ողջ մնան, և գայլերը կուշտ լինեն»: Այսինքն՝ հեռացնել Կարեն Կարապետյանին՝ առանց ռուսների առջև վատամարդ դուրս գալու: Իսկ այս հարցում Սարգսյանին կարող է օգնել խորհրդարանական ընդդիմությունը, ընդ որում՝ արևմտամետ ընդդիմությունը, որի ընդդիմադիր լինելու մեջ բազմիցս կասկածելու առիթներ ենք ունեցել: Երեկվա «շտուրմը» Կարեն Կարապետյանի անձի և նրա ներկայացրած ծրագրի դեմ, ոչ այլ ինչ էր, քան իշխանական ծրագրի մի մասը, որն ուղղված էր վարչապետի դիրքերի թուլացմանը: Իրականում, որքան էլ պոռթկումներ ունենա, ասենք, նույն Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանն անհանգստանալու որևէ առիթ չունի, քանի որ սույն պոռթկումները և էմոցիոնալ քննադատությունն ուղղված է հենց Կարեն Կարապետյանի դեմ: Այս առումով, ընդդիմությունն իրեն ավելի քան արդարացրեց, ցույց տալով, որ Կարեն Կարապետյանը կապ չունի խորհրդարանական այսօրվա մեծամասնության հետ, և նրա վարչապետությունը կախված է բացառապես մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի ցանկությունից, քմահաճույքից:

Սակայն Սերժ Սարգսյանը դեռևս զգում է Կարեն Կարապետյանի կարիքը, այդ է պատճառը, որ Հանրապետականում կամ լռում են վարչապետի թեկնածուի հարցում, կամ կիսատ-պռատ ակնարկներ անում, որոնք որևէ լույս չեն սփռում իրավիճակի վրա, և պարզապես ռևերանսներ են դեպի ՀՀԿ ղեկավարը: Եթե Կարեն Կարապետյանը մնա, նա մնալու է մեկ նպատակով, որպեսզի հետագայում նրա և իր ղեկավարած կառավարության վրա բարդվեն բոլոր հնարավոր և անհնարին ձախողումները: Ակնհայտ է, որ արդյունքում մենք, միևնույնն է, ականատես ենք լինելու Կարապետյանի հրաժարականին: Հանրապետականներն իրենց այս վարքագծով նաև հուշում են Կարեն Կարապետյանին, որ նա կարող է շատ ավելի փոքր գին վճարել, եթե չփորձի խոչընդոտել Սերժ Սարգսյանի գծած ծրագրի իրականացմանը և տուրք չտա ավելորդ քաղաքական ամբիցիաներին:

 

Ստելլա Խաչատրյան