Խորհրդարանն այսօր ծափերով ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը:
Թե ինչպիսի ծրագիր էր, արդյոք այն բազմակողամանի քննարկվեց խորհրդարանի կողմից, թե` ոչ, այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։
Տնտեսագետի խոսքով՝ կառավարության ծրագիրը սովորական ծրագիր է, որը ոչնչով չի տարբերվում նախորդներից․ «Կառավարության խնդիրը ոչ թե տնտեսական ծրագիր ներկայացնելը պետք է լինի, այլ այդ ծրագիրը պետք է քաղաքական որոշում կայացնելուն վերաբերի, սակայն կառավարությունն իր առջև նման խնդիր չի էլ դրել։
Խնդիրն այն է, որ կառավարությունը շարունակելու է իր արատավոր քաղաքականությունը, ինչի պատճառով մարդիկ երկրից գնում են», - ասաց նա։
Խաչատրյանը կարծիք հյատնեց, եթե հանկարծ փորձեն այս ծրագիրն իրականացնել, ապա և՛ բիզնեսի, և՛ ժողովրդի վիճակն ավելի կվատանա․ «Կառավարության ներկայացրած ծրագիրը ժամանակային առումով հնացած, դեռևս տասնյակ տարիներ առաջ գործող տրամաբանության շրջանակներում գրված մի ծրագիր է, որի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ փորձում են թվերի միջոցով իբրև թե կոնկրետության գալ, և ցույց տալ, որ ուզում են իրավիճակ փոխել երկրում։ Իսկ իրենց պատկերացմամբ իրավիճակ փոխելը իբրև թե ներդրումներ բերելն է, տնտեսական ակտիվություն ստանալն է, նոր մարդու ձևավորումն է, որն անլուրջ եմ համարում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ փաստաթուղթը չի պատասխանում այն կարևորագույն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է Հայաստանի Հանրապետությունը։
Խաչատրյանն անկեղծացավ՝ նշելով, որ ժամանակ չի էլ կորցրել լսելու կառավարության ծրագրի քննարկմանը մասնակցող որևէ պատգամավորի․ «Հասկանում եմ, որ նրանց լսելն անիմաստ ժամանակի կորուստ է, առավել ևս, որ այնտեղ կա քաղաքական մեծամասնություն, որն իր հարցերը լուծել է ընտրության ժամանակ՝ ժողովրդից խլելով կամ անօրինական ճանապարհներով ստանալով նրանց ձայները։ Ընտրություններից հետո պարզ է՝ այն իշխանությունը, որը եկել է այդ ճանապարհով աջակցելու է այն մարդկանց, ովքեր իրենց բերել են իշխանության։ Այս իրավիճակում փոփոխություններ ակնկալելը ոչ թե ինքնախաբեություն է, այլ միամտություն»։
Նա նշեց, եթե մարդիկ համոզվեն, որ խաղի կանոնները փոխվել են և իշխանությունների հետ բոլոր հարաբերությունները օրենքի շրջանակներում են իրականացվում և հարցերը հեշտությամբ լուծվում են, ապա այլ ձևով կվերաբերվեն պետական մարմիններին․ «Դա կոչվում է վստահություն, որը չկա»,– ընդգծեց Խաչատրյանը:
Սոնա Հարությունյան