2003 թվականին մշակվել, իսկ 2004-ին ուժի մեջ է մտել «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը, որի համաձայն՝ այլընտրանքային ծառայության կարող են անցնել Հայաստանի այն քաղաքացիները, որոնց կրոնական համոզմունքները հակասում են բանակային ծառայությանը, որը ենթադրում է զենքի կրում: Այլընտրանքային ծառայության ժամկետը 3 տարի է: Այլընտրանքային ծառայողները հետագայում չեն կարող զբաղեցնել պետական պաշտոններ, որոնք ենթադրում են զենքի կրում: Ի հավելումն նշենք, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունումը Եվրոպայի Խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն է:
Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ԱԺ-ում քննարկման ներկայացրեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, ըստ էության, չէր գործում՝ դրանում տեղ գտած մի շարք թերությունների պատճառով»,-պարզաբանեց Թովմասյանը:
Օրինագծի առաջին հոդվածում հստակ սահմանվում է, որ այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայության անցնելը:
Ըստ նախագծի՝ այլընտրանքային ծառայություն ընտրած քաղաքացին համապատասխան տարածքային զինկոմիսարիատ դիմում է ներկայացնելու, որը քննարկելու և ծառայության տեսակի վերաբերյալ համապատասխան որոշում է կայացնելու հանրապետական հանձնաժողովը: Վերջինիս կազմում կընդգրկվեն տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության ու պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանումների մեկական ներկայացուցիչներ:
Նախատեսվում է նաև որոշակիորեն կրճատել ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանելով 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս:
Բացի այդ՝ այն քաղաքացիները, ովքեր այս օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռևս շարունակում են պատիժ կրել, հնարավորություն կունենան անցնել այլընտրանքային ծառայության: Այս դեպքում նրանց այլընտրանքային ծառայության ժամկետը նվազեցվելու է՝ ի հաշիվ քրեական պատիժ կրելու կամ քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում անազատության մեջ գտնվելու ժամկետի:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, «religions.am» կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր ունեցած տվյալներով՝ այս պահին մոտ 80 մարդ քրեակատարողական հիմնարկներում է՝ կրոնական կազմակերպությանը պատկանելու հիմքով ծառայությունից հրաժարավելու համար:
Նա նաև ասաց, որ զենք չօգտագործող զինծառայողներ մենք արդեն իսկ ունենք՝ նյարդային խանգարումներով մարդիկ, որոնք առանց զենքի են ծառայում:
«Սակայն ինձ համար անհասկանալի է, թե նման մարդիկ բանակում ի՞նչ գործ ունեն: Երբ մենք մտահոգված ենք երկրի ռազմական պաշտպանության հարցերով, ապա ես չգիտեմ , որքանո՞վ է արդյունավետ, որ բանակում լինի զինվոր, որը չի կրակելու: Նրանք այսկերպ նաև իրենց ընկերների կյանքն են վտանգի տակ դնելու:
Կամ չգիտեմ՝ պե՞տք են արդյոք մարդիկ, որոնք բանակում այս կամ այն կրոնական կազմակերպության քարոզչությունն են իրականացնելու: Ես արդյունավետ չեմ համարում նման համոզմունքեր ունեցող մարդկանց բանակում ծառայելը՝ թեկուզ հենց ռազմական անվտանգությունից ելնելով:
Մյուս կողմից էլ կան պարտավորություններ, որ Հայաստանն իր վրա արդեն իսկ վերցրել է»:
Ստեփան Դանիելյանը նաև նշեց, որ բացի Եհովայի վկաներից, ծառայությունից հրաժարվում են նաև մալականները, իսկ այս ամենից զատ՝ մենք ունենք նաև Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ՝ տղաներ, որոնք ուսուցանում են հոգևոր ճեմարաններում, և նրանք նույնպես բանակում չեն ծառայում, ուստի զենք չեն վերցնում:
Դանիելյանի դիտարկմաբ՝ փոփոխված նախագիծն ուժի մեջ կմտնի ոչ վաղ, քան մեկ տարուց:
Նշենք, որ ԱԺ քառօրյա նիստի քննարկման ժամանակ բանակը միայն «գլխաքանակով ապահովելուն» դեմ էր արտահայտվել նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: