Ազգային անվտանգության ծառայությունը դիմել է կրթության և գիտության նախարարությանը՝ ոչ պետական բուհերում հայտնաբերված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: «Ոչ պետական բուհերի երեք ռեկտորների կողմից շահադիտական դրդումներով դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելու դեպքերով հարուցված քրեական գործերով պարզվել են, որ դիպլոմներ են հատկացվել ՀՀ՝ 2, Իրանի՝ 1, ԱՄՆ-ի՝ 8, ՌԴ՝ 2, Ուզբեկստանի՝ 1, Իսրայելի՝ 1, Վրաստանի՝ 5 քաղաքացիների»:
ԱԱԾ՝ առաջին հայացքից սովորական դիմումը գործնականում պարունակում է բավականին ուշագրավ ներքաղաքական կամ ներիշխանական, գուցե նույնիսկ ներկոալիցիոն համատեքստ, հատկապես հաշվի առնելով այն քաղաքական իրավիճակը, որ առկա է 2018-ի խնդրի համատեքստում, և որտեղ իշխանության ամեն մի սանտիմետրը կարող է ունենալ որոշիչ նշանակություն հանգուցալուծման գործում:
Այն, որ կրթական համակարգը մեր երկրում իրենից ներկայացնում է լրջագույն քաղաղաքական ռեսուրս, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Անհրաժեշտության դեպքում՝ այն լրջագույն գործիք է դառնում իշխանությունների ձեռքին: Այնպես է ստացվել, որ կրթական համակարգը սերտաճել է քաղաքականին, դրանով իսկ ԱԱԾ այս դիմումը ստանում է նաև քաղաքական ենթատեքստ: Փաստացի, ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերոջը որոշակի առաքելությամբ է օժտում՝ այդ համակարգի այս կամ այն սուբեյտի դեմ գործելու համար: Իսկ ավելի պարզ ասած, ՀՀԿ-ն պատրաստվում է ՀՅԴ ձեռքով կրակից շագանակներ դուրս բերել, թերևս հենց դա է այն գինը, որը Դաշնակցությունը պետք է վճարի կոալիցիոն կառավարությունում ստացած պորտֆելների դիմաց: Մյուս կողմից էլ սակայն, հանրապետականների այս քայլը լուրջ ռիսկեր է պարունակում կոալիցիոն գործընկերների համար՝ պատասխանատվության և ռիսկերի ավելացման համատեքստում: Որովհետև ԱԱԾ դիմումն արդյունավետ չսպասարկելու դեպքում՝ ՀՅԴ-ն, փաստորեն, կհայտնվի կեղծ դիպլոմների գործում ոչ բուհական համակարգի «հանցակցի» կարգավիճակում, դրանից բխող քաղաքական և գուցե իրավական հետևանքներով:
Ստելլա Խաչատրյան