Երևանում հաշմանդամություն ունեցող երեխային տեղափոխելուց հրաժարված 12 համարի երթուղին սպասարկող վարորդը տնտեսվարողի կողմից գրավոր տեսքով խիստ նկատողություն է ստացել` ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու եւ քաղաքացիների հետ ոչ բարեկիրթ վարվելու համար: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ դեպքի մասին տեղեկանալուց հետո Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները հանդիպել են տնտեսվարողին, ճշտել մանրամասները:

«Դեպքը երկրորդ անգամ կրկնվելու դեպքում տվյալ երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից»,-ասաց նա:

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանն իր էջում գրել էր, որ հունիսի 28-ին իր աղջիկն ու թոռնիկը հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետհամարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդը դուռը բաց թողնելով քշել է ու գոռացել. «Կարողա՞ էս ձեր համար բեռնատար ա»:

Սոցիալական ցանցերում վարորդի արարքը սուր քննադատության էր ենթարկվել: