Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 30-ին, կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, դեռ չսկսված՝ ընդմիջվեց մեկ ժամով: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատական նիստը ընդմիջվի, քանի որ նախորդ դատական նիստին ներկա չի եղել և հարկավոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել նախորդ նիստի ընթացքում:

Այսօր դատական նիստին ներկա չեն Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը, Գևորգ Սաֆարյանը: Նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառել և հեռացրել նիստերի դահլիճից (Սեֆիլյանին 6 ժամով, Ներսես Պողսյանին 5 ժամով, իսկ Սաֆարյանին՝ 3 ժամով):

Նշենք, որ այսօր դատական նիստերի դահլիճ մտնելուց առաջ փաստաբաններին խուզարկության չեն ենթարկել։

Այսօր դատարանում էր նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Նա Դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլադյանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ են զննության ենթարկում փաստաբաններին։ Նշենք, որ Փաստաբանների պալատը դիմելու է Դատական դեպարտամենտին, որպեսզի բոլոր դատարաններում համապատասխան սարքեր տեղադրվեն՝ նման երևույթներից խուսափելու համար։

Դիտարկմանը՝ Վերաքննիչ դատարանում նման սարք կա, սակայն չի աշխատում, Կարեն Փոլադյանը պատասխանեց.

«Վերանորոգումն ավելի թանկ արժե, քան նոր սարքի ձեռքբերումը»։

Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել հրազեն եւ ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել եւ պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: