Կալիֆորնիայում գտել են 5-ամյա հայ Արամազդ Անդրեասյանի մարմինը, որն ապրիլի 22-ից անհայտ կորած էր համարվում:
Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ տղայի մարմինը գտել են Սանտա Բարբարա շրջանի Քաչումա լճի մոտ, հաղորդում է Associated Press-ը:
Իշխանությունները դեռեւս պետք է տղայի ինքնությունը հաստատեն, նաեւ հնարավոր է ատամնաբուժական եւ ռենտգեն հետազոտության անհրաժեշտություն առաջանա, որովհետեւ երեխան այնտեղ է գտնվել վերջին 2 ամիսներին: Իշխանությունների խոսքով` դիահերձում կկատարվի` մահվան պատճառը որոշելու համար:
Մարմինը հայտնաբերվել է այն օրը, երբ երեխայի հորը` Արամազդ Անդրեասյան ավագին Լոս Անջելես են տեղափոխել Լաս Վեգասից, որտեղ նրան անցյալ շաբաթ կալանավորել էին: Նշենք, որ տղամարդը մեղադրվում է երեխայի սպանության մեջ:
Անդրեասյանի փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալին այս լուրը կաթվածահարել է: Անդրեասյանը ժխտում է մեղադրանքները եւ պատրաստվում է դատարանում իր անմեղության մասին հայտարարել:
Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Պասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։
Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։
Ավելի վաղ հայտնել էին, որ Արամազդ Անդրեասյան ավագը մտադիր էր ԱՄՆ-ից մեկնել մի երկիր, որտեղից նրան չէին կարողանա արտահանձնել։ Նա փորձել է նաեւ ինքնասպան լինել։