«Հայությունը մեկ բան պետք է հստակ ընդունի՝ թյուրքական և ադրբեջանական հատվածը միասին են աշխատում հայության դեմ և տոտալ հարձակման մեջ են սուլթան Համիդի ժամանակներից մինչ մեր օրերը: Հիմա, իհարկե, ռազմավարությունը փոխել են, բայց նպատակը մեկն է՝ վերացնել Հայկական լեռնաշխարհում հայկական տարրը, ուստի, դրա համար Ադրբեջանն իր բոլոր ռեսուրսները՝ ռազմական, քաղաքական և այլն, նետել է մարտի, սակայն, ցավալի է, որ մենք ադեկվատ չենք գիտակցում այդ ամենից մեզ եկող վնասը»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ ադրադառնալով ադրբեջանական լոբբիի ակտիվացմանը:
Քաղաքագետը շեշտեց, որ սրան հակառակ՝ Հայաստանի իշխող վերնախավը զբաղված է հարսանիքներով և կերուխումներով և չի գիտակցում վտանգի լրջությունը. «Խայտառակություն է, երբ այն մարդիկ, որոնց ձեռքում են կենտրոնացված ռեսուրսն ու իշխանությունը, որևէ պատասխան գործողության չեն դիմում: Հայության գլխավոր խնդիրը կազմակերպվելն է. մենք չենք կարողանում կազմակերպվել, ինչի հետևանքով էլ ականատես ենք լինում նման պատկերի: Ամերիկայում հունական, հրեական լոբբիից ամենաուժեղը մշտապես եղել է հայկականը, ուստի, մեզ ճիշտ կազմակերպվել է պետք ընդամենը»,,-նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ գործող հայկական լոբբիստական խմբերը պետք է մի կողմ դնեն իրենց մեջ առկա ներքին տարաձայնությունները և լծվեն գործի:
Ստեղծված իրավիճակում քաղաքագետը կարևորում է Բրյուսելի ընձեռած հնարավորություններն ու այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում Հայաստանն ունի փոխնախագահ.«Եվրոպական լոբբիստական կառույցներն էլ են մեզ արդեն հասանելի: Հիմա ժամանակն է, որ մեր ԱԳՆ-ն լոբբիստական կառույցների ղեկավարներին հրավիրի Երևան և սկիզբ դնեն նոր աշխատելաոճի: Մենք պետք է ընդունենք մի բան՝ ճիշտ է՝ մեր ռեսուրսն ու փողը քիչ են, բայց պետք է հիշենք, որ ԱՄՆ-ն մշտապես շատ ջերմ է եղել մեզ հետ, հիմա պետք է նորից աշխատենք այդ ուղղությամբ, իսկ սա արվում է միայն ակտիվ աշխատանքի շնորհիվ, սա նշանակում է, որ մեր պաշտոնյաները հարսանիք գնալու ժամանակ չունենան»,-ասաց մեր զրուցակիցը՝ հայկական լոբբիի հաղթանակի հարցում կարևորելով նաև մեր պաշտոնյաների արտաքին տեսքն ու խարիզման:
Ադրբեջանական և թուրքական PR և լոբբիստական խմբերի աշխատանքին համարժեք պատասխան տալու համար Լևոն Շիրինյանն առաջարկում է համագործակցել հունական, ասորական լոբբիստական կառույցների հետ՝ ակտիվորեն օգտվելով տարիներ շարունակ ԱՄՆ-ում մեր ունեցած հսկայական ռեսուրսներից. «Հայությունը պետք է սովորի գրոհով աշխատել: Գրոհել է պետք, քանի որ նոր աշխարհակարգը կայացման կատաղի ընթացքի մեջ է, և հանգիստ լինելու տարբերակ չունենք, իսկ, եթե մեր արտգործնախարարը հոգնել է, թող իր պոստը զիջի, և լավ կլինի, որ Հայաստանի արտգործնախարարը ռուսահայաստանից չլինի»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարության համար աշխատում են հետևյալ լոբբիստական ընկերությունները՝ Podesta Group, Inc-ին, որին Ադրբեջանը վճարում է ամսական 45 հազար դոլար:
Roberti White ՍՊԸ-ն՝ ամսական 125 հազար դոլար աշխատավարձով:
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը ամսական 50 հազար դոլար վճարում է BGR Government Affairs ՍՊԸ-ին, իսկ Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսությունը 35 հազար դոլար վճարով վարձել է Tool Shed Group ընկերությանը, որը ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետությունը:
Աղավնի Սուքիասյան