Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ադրբեջան այցելած ռուս մտավորական Պրոխանովը, ով համարվում է Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակներից մեկը, Ադրբեջանում հանդես էր եկել մի շարք հակահայկական ու ծայրահեղ ադրբեջանամետ հայտարարություններով:

Վերադանալով հայրենիք, բանից պարզվում է, Պրոխանովը հիմա էլ ձեռնամուխ է եղել ռուսական «Завтра» թերթում Ադրբեջանի մասին պատմող համապատասխան հոդվածի հրապարակմանը, որի վերնագիրն արդեն իսկ բացահայտում է հոդվածի քարոզչական բնույթն ու բուն իսկությունը: Այն թարգմանաբար հնչում է հետևյալ կերպ՝ «Բաքու՝ տոհմածառ»: Նոր ադրբեջանական քաղաքակրթությունը կառուցվում է բոլոր ազգերի, մշակույթների, լեզուների, ավանդույթների սիմֆոնիայի հիման վրա» (նույնիսկ եփած հավի ծիծաղը կարող է գալ այս խեղկատակության վրա): Ինչևիցե, անդրադառնալով 2016-ի ապրիլին հայ-ադրբեջանական բախումներին՝ Պրոխանովը, սազը ձեռքին, ադրբեջանցիների գովքն է արել՝ իր ընթերցողին գցելով թյուրիմածության մեջ. պնդել է, թե միայն Մոսկվայի բարեհաճության արդյունքում է, որ ադրբեջանական բանակն իբր դադարեցրել է գրոհը հայերի դեմ, փառաբանել ազերի հրոսակներին, Ադրբեջանի զինված ուժերը համարել կատարելության մարմնացում և այլն:
Իհարկե, միգուցե ոմանց կարող է թվալ, թե Պրոխանովի ցնորքը պայմանավորված է բացառապես նրա ծագմամբ (իր իսկ վկայությամբ՝ Ադրբեջանն է իր հայրենիքը), սակայն չտեսնել այստեղ հստակ ուղերձներ՝ ուղղված նախևառաջ Երևանին, ուղղակի չի կարելի:

Այսպիսով՝ հարց՝ ի՞նչ է տեղի ունենում իրականում, Կրեմլն ինչի՞ն  է փորձում հասնել՝ Պրոխանովի ադրբեջանասիրության միջոցով: Նախ՝ անկասկած է, որ համապատասխան ուղերձն ուղղված է ոչ միայն Ադրբեջանին, այլև մեզ՝ հայերիս: Մեզ հղված ուղերձը հետևյալն է՝ ռուս-ադրբեջանական հարաբերույթուններն ունեն իրական պոտենցիալ, թեկուզ լիովին չօգտագործված, ու եթե Արևմուտք-Հայաստան մերձեցումը վայրկյան անգամ դուրս գա ռուսների վերահսկողությունից, կամ նրանց մեջքի հետևում Հայաստանն ինչ-ինչ պայմանավորվածությունների հասնի, ապա Կրեմլը կվերանայի Բաքվի հետ ունեցած սեփական հարաբերությունների խորության աստիճանը: Ինչ վերաբերում է Բաքվին, ապա այստեղ ևս ամեն բան հրաշալիորեն պարզ է. նպատակը Ալիևին սեփական վերահսկողության տակ պահելն է՝ ժամանակ առ ժամանակ նրան սիրաշահելով: Իսկ այն, որ Ալիևը սատարման կարիք առաջիկայում հաստատապես ունենալու է, ավելի քան տեսանելի է դառնում բուլղարական «Տրուդ»-ում հրապարակված հոդվածից, ուր փաստարկված կերպով խոսվում է Ադրբեջանի՝ ԻԼԻՊ-ին զինելու մասին. 350 դիվանագիտական չվերթ է իրականացվել Ադրբեջանից՝ ահաբեկիչներին զինելու համար: Փասոտորեն՝ մի կողմից՝ Արևմուտքը կարծես փորձում է ճնշում բանեցնել Բաքվի նկատմամբ, մյուս կողմից էլ Մոսկվան, ջանալով օգտվել առիթից, սիրո խոստովանություններ է շռայլում ազերի բռնապետի հասցեին. Կրեմլը փորձում է Ադրբեջանին ինքն իրեն մատուցել որպես Արևուտքի իրական այլընտրանք:

Իհարկե, դժվար է ասել, թե Կրեմլի այս քաղաքականությունը որքանով արդյունավետ կլինի Անդրկովկասում ՌԴ ունեցած խնդիրների ու մարտահրավերների լուծման տեսանկյունից, բայց որ համապատասխան տենդենցներն ուղղակի անհնար է չնկատել, փաստ է:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ