Արցախ-ադրբեջանական սահմանին Բաքվի լկտի պահվածքի արձագանքները կարծես իրենց երկար սպասեցնել չտվեցին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով բավական նուրբ ու հեռուն գնացող ակնարկներով սեփական վերաբերմունքն է արտահայտել սահմանային վերջին լարվածության վերաբերյալ. Ռուսաստանը Բաքվից պահանջել է դադարեցնել հայկական ազգանունով Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքն Ադրբեջանում: Հայտարարությունում բավական ուշագրավ ակնարկներ կան Ադրբեջանին, ինչը չի կարող չուրախացնել: «Շարունակում ենք պահանջել դադարեցնել վրդովվեցուցիչ խտրական պրակտիկան, որը համատեղելի չէ երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ: Բնականաբար, ստեղծված իրավիճակից եզրակացություններ ենք անելու»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Այն, որ դիվանագիտության լեզուն չափազանց խորքային ու նուրբ է, իսկ ամեն մի արտաբերած բառը՝ ենթակա առանձին վերլուծության, նորություն չէ: Այս իմաստով պետք է փաստենք, որ Ռուսական կողմը, գործի դնելով այդ լեզվի նրբությունները, բայց ամնևին էլ ոչ նրբորեն՝ իր այս հայտարարությամբ կոնկրետ ապտակ է հասցնում Ալիևին՝ անելով դա չափազանց նուրբ թեմա մեջտեղ բերելով: Գլխավոր ուղերձը Բաքվին հետևյալն է՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում՝ ցանկացած ոտնձգություն հայկական կողմի նկատմամբ՝ Մոսկվան ընկալելու է որպես հարված նախևառաջ իր սեփական շահերի, հարված իր դեմ: Ինչ վերաբերում է Ալիևի արկածախնդրության հետևանքներին, ապա դրանք կարող են շատ տհաճ լինել Ադրբեջանի համար, ինչպես հայտարարությունում է նշվում, անհամատեղելի բարեկամական հարաբերությունների հետ: Այսպիսով, Մոսկվան ուղղակիորեն սպառնում է Բաքվին հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ՝ հակառակ վերջին շրջանում նկատվող տենդենցներին (Պրոխանովի այցը՝ Բաքու, SOCAR-Գազպրոմ փոխպայմանավորվածություններ և այլն):
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Մոսկվայի արձագանքը այսչափ խիստ ու կոշտ, հեռուն գնացող: Պատասխանը շատ հստակ է. Կրեմլը հստակորեն հասկանում է,թե ում պատվերն է այս ամենը և թե որն է այս տրագիկոմեդիայի ողջ իմաստն ու նպատակը: Նպատակը Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, ՌԴ դիրքերի թուլացումն է, Ռուսաստանից զիջումներ կորզելը շանտաժի միջոցով, Պուտին-Թրամփ առաջիկա բանակցություններում ՌԴ դիրքերը թուլացնելը: Ադրբեջանն իր այս հիմար պահվածքով, ըստ էության, ապացուցում է Ռուսաստանին, որ վերջինիս դիտարկում է ընդամենը կթու կովի դերում՝ իրեն ինչ-որ տեղ անգամ հավասար դասելով Կրեմլին. սա, եթե կուզեք՝ ՌԴ թիկունքին հասցված հարված է՝ քայլ, որը Մոսկվան չէր կարող ակնկալել ու որն ամեն կերպ փորձում էր կանխել. փաստորեն՝ չստացվեց, ու Թուրքիան ապացուցեց, որ Ադրբեջանին վերահսկող միակ ուժն է տարածաշրջանում:
Միգուցե կարող է ոմանց տարօրինակ թվալ, բայց Ադրբեջանի այս քայլն ինչ-որ իմաստով կարելի է մեզ ձեռնտու համարել. Ալիևն ապտակեց Պուտինին՝ կանգնեցնելով նրան փաստի առաջ, ինչը Պուտինը, բնականաբար, հետագայում հաշվի է առնելու: Փաստորեն՝ Թուրքիայի մեկ մատի շարժումը շատ ավելին արժեցավ, քան Պրոխանովի քծնանքն Ալիևին. Պուտինը չի ներելու Ալիևին. դա՝ հաստատ…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ