Մաշկը ճիշտ խնամքի կարիք ունի միշտ, հատկապես ամռանը․ արևը, օդորակիչները, փոշին վնասում են ճարպոտ և չոր մաշկը, իսկ նորմալ մաշկը այդքան խնամքի կարիք չունի, որքան մյուս երկուսը։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոսմետոլոգ Թեհմինա Բադալյանը։
«Չոր մաշկը չի կարելի մաքրել յուղազրկող մաքրման միջոցներով։ Հարկավոր է անպայման օգտագործել արևապաշտպան քսուկ (SPF 50)։ Ամռան ամիսներին, շաբաթը 3 անգամ պետք է դնել սնուցող դիմակներ։ Շատ կարևոր են նաև խոնավեցնող քսուկները»,-նշեց կոսմետոլոգը։
Նրա խոսքով՝ ամռան ամիսներին ճարպոտ մաշկի խնամքն ավելի դժվար է, քանի որ ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը, որի հետևանքով առաջանում են բորբոքային պրոցեսներ․ «Չպետք է օգտագործել օճառ պարունակող լվացվելու միջոցներ։ Պետք է օգտագործել յուղոտ մաշկի համար նախատեսված հատուկ գել և երեկոյան պարտադիր լվացվել դրանով, իսկ առավոտյան՝ սովորական ջրով պարզապես լվանալ մաշկը։ Հարկավոր է անպայման օգտագործել խոնավեցնող քսուկներ։ Շատ կարևոր է նաև շաբաթական 2 անգամ դիմակ դնելը»,- խորհուրդ տվեց Թեհմինան։
Ստորև ներկայացնում ենք չոր և ճարպոտ մաշկի համար նախատեսված դիմակներ, որոնք կոսմետոլոգը խորհուրդ է տալիս դնել ամռանը՝ մաշկին թարմություն հաղորդելու և ամռան վտանգներից պաշտպանելու համար։
«Ամռանը հնարավորություն ունենք մրգերից և բանջարեղենից դիմակներ պատրաստելու։ Ուստի խորհուրդ կտամ օգտվել ամռան բարիքներից և պատրաստել մաշկը սնուցող տարատեսակ դիմակներ»,- հավելեց նա։
Դիմակներ՝ չոր մաշկի համար
1․ Տրորել ծիրանի փափուկ մասը, ավելացնել 1 ճ․գ․ ձիթապտղի յուղ և 1 ճ․գ․ կաթ։ Լավ խառնել, այնուհետև տարածել մաքուր մաշկի վրա։ 20 րոպե հետո մաշկը լվանալ գոլ ջրով։
2․ Առանց կեղևի դեղձը տրորել, ավելացնել 1 ճ․գ․ սեևուցք, 1 ձվի դեղնուց։ Խառնել և քսել մաշկին։
Դիմակ՝ ճարպոտ մաշկի համար
Ձմերուկը տրորել, ավելացնել քերած վարունգ, այնուհետև թանզիֆի կտորը դնել մաշկին և դիմակը տարածել։ Թողնել 20 րոպե, որից հետո լվանալ գոլ ջրով։