Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի՝ «Օրակարգի» մեկնաբան Քրիստինե Մելքոնյանն աշխատանքից չի ազատվել: Այս մասին Araratnews.am–ի  հետ զրույցում ասաց լրատվական և լրատվական-վերլուծական ծրագրերի ղեկավար  Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե լուրերի մեկնաբան Քրիստինե Մելքոնյանի եւ լրատվական բաժնի ղեկավարների միջեւ կոնֆլիկտ է եղել, ինչի պատճառով Մելքոնյանն ազատվելու է աշխատանքից: Նշենք, որ Հրապարակ օրաթերթն այսօր գրել էր, թե «Օրակարգի» երկարամյա մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը, ով վերջին տարիներին նաև մա­մուլի գծով ՀՀ գլխավոր դատախա­զի խորհրդականն էր, կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ: Առի­թը լուրերի ցերեկային թողարկում­ներից մեկի ժամանակ թույլ տր­ված վրիպակն է. հաղորդավարը մի քանի անգամ կրկնել է տեքստը, ինչը նրա և ծրագրի ղեկավարու­թյան միջև կոշտ խոսակցության պատճառ է դարձել:

Կոնֆլիկտն այնքան սուր է եղել, որ Մելքոնյանը ցանկացել է ազատվել աշխա­տանքից, բայց, ի վերջո, որոշել է արձակուրդ վերցնել, հետո վճռել անելիքը:

 «Քրիստինե Մելքոնյանն աշխատանքից ազատված չէ, կոնֆլիկտ ասելով չեմ հասկանում ինչ նկատի ունեք, որովհետեւ աշխատող օրգանիզմում միշտ լինում են բացթողումներ, թերություններ, որոնք քննարկվում են, որպեսզի հետո չկրկնվեն»,- ասաց Հարությունյանը, հավելելով, որ Մելքոնյանը նաեւ արձակուրդում չէ:

Լրատվական բաժնի ղեկավարը հայտնեց, որ Քրիստինե Մելքոնյանը արձակուրդ գնալու դիմում գրել է ամեն դեպքում: «Ընդհանրապես այս սեզոնին մեր խմբագրության հիմնական աշխատողները արձակուրդ են գնում, որովհետեւ թեթեւ սեզոն է, դա ընդունված կարգ է»,- ասաց Հարությունյանը: