«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարվեց փառատոնի ավանդական և կարևոր միջոցառմամբ՝ ծիրանօրհնեքով, որի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի այն անցկացվեց Սուրբ Աննա եկեղեցում: Ծիրանօրհնեքը գեղեցիկ երաժշտական կատարումներով զարդարեց Անդրանիկ սարկավագի ղեկավարած երգչախումբը:

Մասնակցեցին փառատոնի կազմակերպիչները, հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Շատ եմ կարևորում այս միջոցառումը, քանի որ այն Հայաստանի նշանակալի մշակութային իրադարձություններից է, որն իր ուրույն տեղն ունի այս դաշտում: Կարծում եմ, որ մեր երկիրը, մեր ավանդույթներն ու սովորույթները աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցը նաև արտերկրի ֆիլմերը մեզ մոտ ցուցադրելն է: Այս փառատոնը տալիս է այդ հնարավորությունը: Ուրախ եմ, որ կինոփառատոնը բացվում է ծիրանօրհնեքի գեղեցիկ հայկական արարողությամբ»,- նշեց փառատոնի հյուր, Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Մարկ Գրիգորյանը:

«Հույս ունեմ, որ մեզ համար դժվար չի լինի ճիշտ ընտրել արժանի ֆիլմերը, քանի որ բոլորն էլ լավն են ու հետաքրքիր. Կարծում եմ` կտեսնենք հզոր կինոնկարներ»,-ասաց Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:

Ծիրանօրհնեքը մեծ խնդությամբ ընդունվեց բոլոր ներկաների կողմից: Երգչախմբի անդամները օրհնված միրգը բաժանում էին հյուրերին, անցորդներին ու հաճելի օր մաղթում նրանց:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։