ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում 35-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի հուլիսի 9-ին ժամը 20:00-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 1982 թվականին ծնված Սամվել Հովհաննիսյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գյումրիի քաղաքի բնակիչ, ծնված 1996 թվականին: Վերջինս հուլիսի 10-ին ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: