Օրերս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցն է հրապարակվել, ուր եվրոպացիներն ամփոփ կերպով  փորձել էն իրենց ուսումնասիրություննրի արդյունքերը շարադրել՝ ջանալով, ըստ էության, պահպանել առավելագույն օբյեկտիվություն: Այդ զեկույցից նույնիսկ առանձին պատառիկների ընթերցումը հուշում է, որ այն բավական ոչ միանշանակ է ստացվել. ճիշտ է՝ եվրոպացիները դրանում ներառել են նաև դրական նկատառումներ, նշել որոշակի առաջընթացի մասին, սակայն դրա հետ մեկտեղ չեն վարանել ու հերթով շարադրել են այն բոլոր բացասական կողմերը, որոնցով աչքի էին ընկել խորհրդարանական ընտրությունները. զեկույցում խոսվում է տոտալ կաշառատվության, հովանավորչության,  անթույլատրելի մեթոդների գործադրմամբ ձայներ կորզելու և այն ամեն բացասականի մասին, որ տեղ էր գտել ընտրություններին. մի խոսքով՝ աննշան դրականի հետ մեկտեղ զեկույցում շեշտադրումներ կան հսկայական բացթողումների վերաբերյալ:

Բայց արի ու տես, որ իշխող ՀՀԿ-ի «խոսնակներից»  Վահրամ Բաղդասարյանի համար չափազանց մեծ անակնկալ է դարձել եվրոպացիների պատրաստած զեկույցում տեղ գտած աղաղակող բացթողումների մասին նշումները. Բաղդասարյանը տրված բացասական գնահատականները համարել է դատարկաբանություն՝ պնդելով, թե դրանք առանց փաստերի վերացական խոսակցություններ են: Իսկ Մուկուչյանն  էլ  Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել է, թե դեռ լիովին չի ծանոթացել զեկույցի մանրամասներին:

Համաձայնե՛ք՝ ասենք նույն Վահրամ Բաղդասարյանի՝ այս պարագայում ոչ ադեկվատ արձագանքից տպավորություն է ստեղծվում, թե եվրոպացիները ՀՀԿ-ի գլխին «շառ են արել», երբ չեն վարանել ու ազնվորեն խոսել են հայ հանրությանը քաջ հայտնի այն բոլոր անօրինությունների մասին, որոնք անպակաս են եղել ողջ ընտրական գործընթացից: Կներե՛ք, բայց Բաղդասարյանի պնդումը, թե զեկուցում տեղ գտած ինչ-ինչ կետեր անհիմն են, ամենևին էլ հիմնավոր չի թվում. ո՞վ չգիտի՝ ինչ է կատարվել և հատկապես որ քաղաքական ուժի օգտին է այդ ամենը տեղի ունեցել. եթե կուզեք՝ նույն եվրոպացիները շատ ավելի մեղմ գույներով են ներկայացնում այն ամենն, ինչ իրականում տեղի է ունեցել: Բաղդասարյանի՝ միամիտ աչքեր անելու իմաստը լիովին կորում է. այնպես չէ՞…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ