Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ամբողջ Հայաստանում ներդնել տոմսերի գնման էլէկտրոնային համակարգ: Ըստ նախարարի՝ էլէկտրոնային  համակարգի անցումը հնարավորություն կտա առցանց հետևել՝ արդյոք տոմս գնողը ներկայացել է համերգասրահ կամ թատրոն, որ տեղում է նստել, մյուս կողմից էլ՝ այս համակարգով հնարավոր է խուսափել հարկերի վճարման հետ կապված տարատեսակ խնդիրներից:

Ըստ Մշակույթի նախարարի՝ միասնական էլեկտրոնային համակարգի անցման համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ է ներդնել 300-500 միլիոն դրամ. «Մենք ակնկալում ենք մրցույթին ներկայացնել այս ոլորտում փորձառու ընկերություններ, և, ըստ էության, մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը կդառնա  և՛ սպասարկող ընկերություն, և գործակալներ»,- ասաց նախարարը:

«Մրցույթը ե՞րբ եք հայտարաում և որքա՞ն ժամանակ է դրա համար տրամադրվելու»,-նախարարին հարց ուղղեց վարչապետը: 

Վարչապետի հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ մրցույթ կհայտարարվի կառավարության որոշումից  հետո և դրա համար կտրամադրվի մեկ ամիս ժամանակ: 

Հ.Գ. Փաստորեն, տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգի անցումը կբերի տոմսավաճառների գործազրկության, ավելի մեծացնելով առանց այն էլ բարձր գործազրկության ցուցանիշը: