Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է և այն պետք է իրացվի: Այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
«Ի՞նչը կարող է երաշխավորել ցանկացած լուծման շարունակականություն կամ ի՞նչ երախիք կարող է լինել, որ եթե քաղաքական լուծում լինի, ապա պայմանները պահպանվելու են: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժեր ունենալն է: Սա թիվ մեկ երաշխիքն է և ամենավստահելի երաշխիքը: Մենք ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը: Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա՝ կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- հայտարարել է ՀՀ Նախագահը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն օրերս այցելել է հայ-ադրբեջանական սահմանագծի մարտական դիրքեր, Իջևանում տեղակայված զորամաս, որտեղ մասնակցել է զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման արարողությանը, ինչպես նաև «Դիտակետ», «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը։ Այցի ընթացքում «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարը վարող Սաթիկ Սեյրանյանը հնարավորություն է ստացել հարցեր ուղղելու նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի ներկայիս իրավիճակի, մարտունակության, սահմանագծում տիրող իրավիճակի և անվտանգության խնդիրների հետ կապված թեմաների շուրջ։ Հարցազրույցը եթեր կհեռարձակվի առաջիկա կիրակի: