«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը հուլիսի 15-ի  երեկոյան մարդաշատ էր: Գիշերային լուսավորությամբ  7-րդ  դարի ճարտարապետության գոհարով  հիանալուց  բացի, այցելուներին  հնարավորություն  էր  ընձեռնվել  նաև տաճարից  փոքր- ինչ  հեռու  տեղադրված  մեծ  էկրանին դիտել հայկական  կինոարտադրության վերջին  տարիների  լավագույն  ֆիլմերից  մեկը՝ «Կյանք ու կռիվ»-ը: 

Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, ֆիլմը  դիտողների  շարքերը համալրվում էին  նաև  ընթացքում:  ՀՀ  մշակույթի  նախարար Արմեն Ամիրյանի ու  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  տնօրեն  Արա Թարվերդյանի  յուրօրինակ  նախաձեռնությունը հետաքրքրություն  էր առաջացրել  նաև  օտարերկրացի զբոսաշրջիկների մոտ, ովքեր  ևս միացան  կինոդիտմանը:  Այցելուները խոստովանում էին, որ հետաքրքիր  ու  նաև խորհրդանշական  է, որ  նման միջոցառում  է  անցկացվում  «Զվարթնոց»-ի տարածքում:

Նախաձեռնությունը  շարունակական բնույթ է կրելու՝  հնարավորություն  ընձեռնելով մեր հայրենակիցներին  մշակութային արժեքներին հաղորդակից  լինելուց  բացի, նաև  դիտել  հայկական  ու  արտասահմանյան  ֆիլմարտադրության լավագույն  ֆիլմերը:  

Հաջորդ  կինոդիտումը  գալիք շաբաթ  օրն է՝  հուլիսի 22-ին: