ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից: Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Վոլոդինն ասել է. «Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական, և այդ դեպքում օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»: Ինչպես գիտենք, հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքը: Այդ օրենքի գործարկման հետևանքով Ռուսաստանում աշխատող հայաստանցի վարորդները կորցրել են իրենց աշխատանքը:

Ավելորդ է ասել, որ նման պահանջը հակասում է ոչ միայն գործընկերության ոգուն, այլ նաև ԵՏՄ կանոնադրությանը, բայց նման մանրուքները Կրեմլին առանձնապես չեն հուզում: Մոսկվան վարում է դասական կայսերական քաղաքականություն` այս անգամ առաջ քաշելով լեզվի խնդիրը: Ի դեպ, սա նոր գործիք չէ ռուսական կայսերական քաղաքականության զինանոցում: Դա եղել է ցարերի քաղաքականության կարևոր բաղադրիչը և էստաֆետի սկզբունքով փոխանցվել է անգամ բոլշևիկներին: Քչերը գիտեն, թե ժամանակին ինչպիսի դիմադրություն է ցույց տվել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը՝ Քաղբյուրոյի պահանջին, որը նույնն էր, ինչ պուտինյան Ռուսաստանինը` հատուկ կարգավիճակ տալ ռուսաց լեզվին: Եթե Հայաստանի իշխանությունը տեղի տա ռուսական ճնշմանը, Հայաստանը կկորցնի իր անկախության վերջին հատկանիշներից մեկը` վերջնականապես զոհ դառնալով ռուսական տոտալ էքսպանսիային: Մյուս կողմից` եթե Սերժ Սարգսյանը մերժում է ռուսների առաջարկը, ապա պետք է պատրաստ լինի մի քանի տասնակ հազար խոպանչիների վերադարձին: Սա կարող է սոցիալական լարվածության նոր օջախ ատեղծել Հայաստանում, ինչին իշխանությունները հաստատ պատրաստ չեն:

Վերջին օրերին ամենուրեք քննարկվում են հայկական դպրոցների ատեստատների ռուսալեզու գրառումները եւ հայկական վարորդական վկայականները Ռուսաստանում չճանաչելու փաստը։ Մինչ Ռուսաստանը հայտարարում է, որ մեր անխախտ բարեկամն է, իր Դումայում օրենք են ընդունում, որով ՌԴ տարածքում ճանաչվելու են միայն այն երկրների տրամադրած վարորդական վկայականները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է։ Թե ինչ կապ ունի ռուսերենն ավտոմեքենա վարելու հետ, պարզ չէ, բայց պարզ է, որ մեզ հարկադրում են գնալ ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու, ռուսերենին ավելի մեծ տեղ տալու ճանապարհով։ Վերջին օրերին ռուսական կայսրությունը Հայաստանի դեմ գրոհում է բոլոր հնարավոր միջոցներով՝ սպառազինության մատակարարում Ադրբեջանին, ոտնձգություն մեր բանակի ինքնուրույնության և հայոց լեզվի դեմ, քողարկված սպառնալիքներ՝ ուղղված Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը: Դումայի ընդունած օրենքը հարված է մեր իշխանություններին, բոլոր այն մարդկանց, ովքեր ԵՏՄ-ի ջատագովներ են։ Փաստորեն ասվում է՝ թույլ ենք տալիս ղրղըզներին և բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է, ազատորեն աշխատել իրենց ազգային վարորդական իրավունքներով, իսկ մեր քաղաքացիներին՝ հայերին, թույլ չեն տալիս։

Չպետք է մոռանալ, որ ՀՀ-ում երկրորդ պետական լեզու ճանաչելու հարցը նախ ենթադրում է օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածի փոփոխություն կամ լրացում, որը սահմանում է, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է: Արդյոք ՀՀ իշխանությունները կգնա՞ն սեփական երկրի սահմանադրությունը ռուսական իմպերիալիստական շահերին հարմարացնելու կործանարար ճանապարհով՝ դժվար է ասել, սակայն Ռուսաստանից նոր ռազմական վարկ վերցնելու նախաձեռնությունն արդեն իսկ հուշում է, որ իշխանությունները նույնիսկ ավելացնում են այն գործիքները, որոնց միջոցով Մոսկվան կաշկանդում է Երևանին:

Ստելլա Խաչատրյան