«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանը դանակահարվել իր հոգեբանական կենտրոնում: Ինչպես տեղեկացրին համալսարանի մամուլի ծառայությունից, Ռուբեն Պողոսյանի վիճակը կայուն ծանր է:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հաղորդեցին, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին: «Այդ օրը՝ ժամը 14.45-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: