ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, հուլիսի 5-ին Արմենիա բժշկական կենտրոնում 1981 թվականին ծնված, 35-36 շաբաթական հղի կին է մահացել:
ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը մեզ հետ զրույցում չհայտարարված մահվան դեպքից որոշ մանրամասներ հաղորդեց: Սարիբեկյանը, հիմք ընդունելով հիվանդանոցի տվյալները, մեզ տեղեկացրեց, որ կինը ընդունվելու պահին եղել է կլինիկական մահվան կարգավիճակում:
Սարիբեկյանի խոսքով՝ վերակենդանացման միջոցառումներն արվել են, սակայն արդյունավետ չեն եղել, հիվանդանոց ընդունվելուց մոտ 1-1,5 ժամ հետո՝ ժամը 12:15-ին, գրանցվել է կենսաբանական մահ, որի պատճառները դեռևս հայտնի չեն: Նշվում է միայն, որ կինը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի դեպքում մեզ համար տեղեկությունները դառնում են անհասանելի: Ամենամատչելի տեղեկատվությունն այն է, որ հղիի մոտ եղել է արյունազեղում: Գնահատվում է որպես մայրական մահ, բայց ոչ մանկաբարձական պատճառով: Դատաբժշկական փորձաքննությունն ավարտվելուց հետո միայն պատճառը պարզ կլինի: Քանի որ հղի է եղել, բժիշկ Ռազմիկ Աբրահամյանին հրավիրել են՝ իմանալու համար՝ արդյոք հղիության հետ կապ ունի՞, թե՝ ոչ: Սակայն նա ևս ոչինչ անել չէր կարող, որովհետև դա մանկաբարձական դեպք չէր, հղիության, ծննդաբերության ընթացքի խնդիր չէր, այլ՝ ըստ նախնական տվյալների՝ եղել է արյունազեղման խնդիր»,- ասաց Սարիբեկյանը:
Սոնա Հարությունյան