Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն երեկ Արցախում էր։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Նալբանդյանը հանդիպել է Արցախի  նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի արտգործնախարարն ու Արցախի նախագահը հանգամանալից զրույց են ունեցել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ:

Վերլուծական հանրության ուշադրությունից չէր կարող վրիպել այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը Արցախ է մեկնել Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպումից անմիջապես հետո: Իհարկե, Արցախյան հարցը անկյունաքարային չէր Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում, սակայն, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանի մոտ անհրաժեշտություն է առաջացել դիվանագիտական խողովակներով իր մտահոգություններով կիսվել արցախյան կողմի հետ: Ակնհայտ է, որ Մոսկվան վերջին շրջանում ջանքեր չի խնայում Ադրբեջանին սիրաշահելու նպատակով, այդ թվում Հայաստանի ուղղությամբ տարբեր «առաջարկների» տեսքով, այդ թվում ռուսերենը ՀՀ պաշտոնական լեզու դարձնելու մասին: Նկատելի է, որ Մոսկվան Բաքվին մղում է ինչ-որ քայլերի, փորձում արագացնել դրանք՝ փոխադարձ անվստահության իրավիճակում: Այս համատեքստում՝ հայկական երկու պետությունները անշուշտ պետք է կոորդինացնեն իրենց քայլերը՝ հակազդելու հնարավոր սպառնալիքներին՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական: Նման այցերը պետք է ավելի հաճախակի դառնան: Մինչ օրս այնպիսի տպավորություն է, որ Արցախը մշտապես հետ է մնում իրադարձությունների զարգացումից և իրեն անմիջականորեն վերաբերվող տեղեկատվությունը ստանում է երկրորդ ձեռքից, այն էլ՝ հաճախ ուշացմամբ:

Չի բացառվում նաև, որ Երևանը Ստեփանակերտից ակնկալում է ինչ-որ նախաձեռնության ցուցաբերում, որը կարող է ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա: Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացում թեև վակուում է, սակայն Հայաստանի դիրքերն էականորեն ամրապնդվել են: Հայկական կողմի միջազգային հանրության առջև «խոսելու տեղ» ունի: Եվ այժմ լավագույն պահն է այդ խոսքը ասելու համար: Դա միանշանակ կմեծացնի Արցախի սուբյեկտայնության մակարդակը և դրականորեն կազդի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Ստելլա Խաչատրյան